Աշխարհը չի նկատում տնտեսական խնդիրները
Կարծում է աշխարհի ամենախոշոր ներդրումային հիմնադրամի տնօրենը
Կապիտալ
|
| Մուհամադ էլ էրիանի. «Իրավիճակի լրջությունը ժամանակին գիտակցելը բավարար չէ»։ |
Համաշխարհային տնտեսական խնդիրները չեն ավարտվել, դրանք հայտնվել են այլ փուլում, և եթե աշխարհը դա չի գիտակցում այժմ, ապա ստիպված է լինելու ավելի լուրջ հետևանքների դեմ պայքարել ապագայում, վստահ է Pimco ընկերության ղեկավար Մուհամադ էլ Էրիանին, որը կառավարում է աշխարհի ամենախոշոր ներդրումային հիմնադրամը։ Բրիտանական Financial Times-ում նրա հրապարակումը ստորև՝ թարգմանաբար։
Ժամանակ առ ժամանակ աշխարհը չի նկատում տնտեսական լրջագույն փոփոխությունները, որոնք այնուհետև հանկարծակիի են բերում ոչ միայն տնային տնտեսուհիներին կամ ընկերություններին, այլև պետություններին։ Վերջին տասնամյակների ընթացքում աշխարհը նման մի քանի փոփոխություններ է տեսել։
Օրինակ՝ չինական տնտեսության աճը, որն այսօր էական նշանակություն ունի համաշխարհային տնտեսության, գների, բարեկեցության աճի ու գործազրկության մակարդակի կրճատման համար։ Մեկ այլ օրինակ է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում բնակելի անշարժ գույքի ու ֆինանսական հատվածների դրամատիկ աճն ու նույքան էֆեկտիվ պայթյունը։
Այժմ այլ խնդիր է հասունանում. աշխարհի տարբեր ծայրերում միաժամանակ կտրուկ վատթարանում է զարգացած տնտեսությունների պետֆինանսների վիճակը։ Այսօր դա նկատելի է միայն Հունաստանի չափազանց նեղ պրիզմայով։ Սակայն ավելի ուշ աշխարհը կգիտակցի, որ իրականում այս ամենը զարգացած տնտեսությունների ավանդական կարգի համակարգային տեղաշարժ է՝ հեռուն գնացող հետևանքներով։
Այն վիճակը, որում այսօր հայտնվել է աշխարհը, հետևանք է պետությունների վճարային հաշվեկշիռների փլուզման։ 2008-2009 թթ. ընթացքում կառավարությունները ստիպված էին օգնել տնտեսություններին հաղթահարել միաժամանակյա կոլապսը անշարժ գույքի, ֆինանսների ու սպառողական շուկաներում։ Այսօր աշխարհը հնձում է այն, ինչ ցանել է։
Երկու տարուց էլ քիչ ժամանակահատվածում ԱՄՆ պետպարտքը հասել է նախկինում անհավանական թվացող ՀՆԱ-ի 20% հարաբերակցության։ Անգամ ամենալավատեսական սցենարների դեպքում պետպարտքի մակարդակը առաջիկա տասնամյակում կշարունակի աճել։ Citi-ի գլխավոր տնտեսագետ Վիլյամս Բուիթերի հաշվարկներով՝ այսօր համաշխարհային ՀՆԱ-ի 40%-ից ավելին բաժին է ընկնում այն պետություններին, որոնց բյուջեների դեֆիցիտը գերազանցում է ՀՆԱ-ի 10%-ը։ Վերջին 30 տարիներին ցուցանիշը չի հատել 5%-ի սահմանագիծը։
Պետական ֆինանսների նոր շոկը ցնցում է պետությունների դասակարգման ավանդական բոլոր մոտեցումները։ Եթե առաջ զարգացած և զարգացող տնտեսությունների միջև կարելի էր հաստ ջրբաժան անցկացնել, այսօր առաջիններն ավելի աղքատ են, ֆինանսապես ավելի համեստ ու լրջագույն պարտավորություններով։ Երկրորդներն արդեն ավելի հարուստ են։
Խնդիրն այն չէ, թե կկարողանա՞ն արդյոք զարգացած տնտեսությունները հարմարվել. նրանք կհարմարվեն։ Ավելի կարևոր է հարմարվողականության բնույթը, ինչպես նաև ժամանակահատվածն ու հնարավոր կողմնակի խնդիրները։
Կառավարությունները պարտքերի դեմ պայքարում են սովորության համաձայն՝ տնտեսական աճի ու պետական պարտքը (անգամ աճող պարտքը) գնելու մասնավոր հատվածի պատրաստակամության համակցությամբ։ Սակայն այսօր ավանդական գործելակերպին խանգարում են բարձր գործազրկությունը, տնտեսական ավելի համեստ աճը, հսկայական դեֆիցիտն ու կարգավորիչների հետագա գործողություների անկանխատեսելիությունը։ Արդյունքում պետությունները ստիպված են լինելու դժվար որոշումներ կայացնել՝ ավելացնել հարկերը, կրճատել բյուջեների ծախսային մասը։ Եվ եթե սա ժամանակին չարվի, հետևանքը լինելու է դեֆոլտն ու բռնագանձումները։
Վերլուծաբանները նախընտրում են ընթացիկ իրավիճակին հարմարեցնել անցյալի մոդելները, քան ընդունել, որ համակարգային նոր գործոններ են հայտնվել։ Եվ սա է հիմնական բարդություններից մեկը։
Իրավիճակի լրջությունը ժամանակին գիտակցելը բավարար չէ, կարևոր է նաև ճիշտ պատասխանելու կարողությունը։ Եվ որքան արագ մենք գիտակցենք հետևանքների լրջությունը,այնքան մեծ կլինի հավանականությունը, որ կհաջողվի խնդիրներից առաջ քայլել և ոչ թե թաղված մնալ դրանց ծանրության տակ։