Առանց դոլարի համագործակցություն
ԱՊՀ-ն անցնում է տարածաշրջանային արժույթների

Կապիտալ
Ռուսաստանը կրկին տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի է հավակնում՝ արդեն ԱՊՀ-ի հաշվին։
Ռուսաստանը կրկին տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի է հավակնում՝ արդեն ԱՊՀ-ի հաշվին։

ԱՊՀ փորձագիտական խումբը երեկ սկսել է քննարկել հետխորհրդային տարածքում առևտրաշրջանառությունը ազգային արժույթներով կազմակերպելու հնարավորությունը։ Քննարկումները շարունակվելու են նաև այսօր։ Քայլը, ըստ մտահղացման, թույլ կտա փոխհաշվարկներում կրճատել դոլարի փոխանակման վրա կատարվող ծախսերը, ինչպես նաև կամրապնդի ռուսական ռուբլու՝ որպես տարածաշրջանային փոխհաշվարկային արժույթի դիրքերը։

Քննարկումների նպատակը ապրանքաշրջանառության ինքնարժեքի կրճատումն է։ Սակայն ԱՊՀ տարածքում հիմնական խոչընդոտը հենց այդ շրջանառության կառուցվածքն է։ Ռուսաստանը հարևաններին շատ ավելի մեծ ծավալներով ապրանք է վաճառում, քան գնում։ Շուկայում դոլարի բացառման դեպքում նոր միտում է հայտնվելու. ՌԴ ներհոսող ազգային արժույթների ծավալը շատ ավելի մեծ է լինելու, քան այն ԱՊՀ համապատասխան պետություններում ծախսելու ռուսական ձեռնարկությունների հնարավորությունը։ Արդյունքում անխուսափելիորեն առաջանալու է իրացվելիության խնդիր։

Բացի այդ՝ խնդրահարույց է փոխարժեքների սահմանման սխեման։ Այժմ ռուսական ԿԲ-ն փոխարժեքները սահմանում է պայմանականորեն, իսկ պահանջարկի ու առաջարկի իրական փոխհարաբերակցությունը կարող է հստակեցնել միայն բորսան, որտեղ ԱՊՀ արժույթներով առևտուր չի իրականացվում։ ԱՊՀ մյուս պետություններում հաշվարկի սխեման հիմնված է դոլարի և ազգային արժույթի հարաբերակցության վրա, որին այնուհետև փոխկապակցվում են մյուս բոլոր, այդ թվում` ԱՊՀ ազգային արժույթների փոխարժեքները։

Այս փուլի գլխավոր խնդիրը, փաստորեն, փոխարժեքային խառնաշփոթից խուսափելու սխեմաների հստակեցումն է լինելու։ Տարբերակներից մեկը ԱՊՀ արժույթներով լիարժեք ու նորմալ բորսայական առևտուր կազմակերպելն է։ Մեկ այլ հնարավորություն RBC-TV-ին պարզաբանել է ՌԴ ֆինանսների 1992-93 թթ. նախարար Անդրեյ Նեչաևը։ Նրա կարծիքով՝ ՌԴ ԿԲ-ն կարող է արհեստական մի սխեմա առաջարկել, որի դեպքում ԿԲ-ն ԱՊՀ ազգային արժույթները ինչ-որ փոխարժեքով վաճառում է առևտրային բանկերին, վերջիններս էլ դրանք վերավաճառում են իրենց հաճախորդներին։

Ռուսաստանի համար, որը տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի դերի է հավակնում, ազգային արժույթներով փոխհաշվարկի սխեման սկզբունքային նշանակություն ունի։ Սակայն փորձագետների կարծիքով՝ մոտ ապագայում այսպիսի սխեմայի սպասել պետք չէ։ Շատ ավելի բարդ է գործընթացի տեխնիկական կողմը։ Ժամանակատար են լինելու ինչպես բանակցային, այնպես էլ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու գործընթացները։ Ամեն դեպքում, ազգային արժույթներով փոխհաշվարկի մինչև տարեվերջ հաստատ սպասել պետք չէ։

Տնտեսագետները կարծում են, որ մի քանի արժույթներով փոխհաշվարկը կես ճանապարհ է։ Ռուս փորձագետները պնդում են, որ պետք է բոլոր վճարումները կազմակերպել ռուբլով, քանի որ ռուսական արժույթը ԱՊՀ տարածքում ոչ միայն ամենակայունն է, այլև ամենականխատեսելին ու ոսկեարժութային պահուստներով ամենաապահովագրվածը։ Սակայն այսպիսի քայլը ԱՊՀ տարածքում կարող է խնդրահարույց լինել ինչպես քաղաքական, այնպես էլ հոգեբանական մակարդակում։ Բացի այդ՝ չափազանց կենսունակ է դոլարով վճարելու սովորույթը։



 
 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
<<Մարտ 2010 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC