Պուտինյան կոմբինացիա. իշխանության աջ և ձախ ոտքերը
Մեդվեդևի կուսակցություն երբեք չի լինի
Կապիտալ
ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին հարցել են. «Պե՞տք է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստեղծի իր կուսակցությունը»: Պատասխանը եղել է հստակ. «Իհարկե, պետք է»:
Չնայած ԽՍՀՄ վերջին առաջնորդ Միխայիլ Գորբաչովի ամբողջ պատմական կշռին` նրա պատասխանը կարելի էր և անտեսել, քանի որ ժամանակակից Ռուսաստանում որևէ քաղաքական կշիռ Գորբաչովը չունի: Սակայն նրա պատասխանի հստակությունն ու միարժեքությունը հետաքրքիր է մեկ այլ դիտանկյունից. Գորբաչովը բացահայտորեն արտահայտել է ռուսաստանյան էլիտայի բազմաթիվ ներկայացուցիչների քողարկված կարծիքը:
Պարզապես 79-ամյա Գորբաչովն այլևս կորցնելու ոչինչ չունի, իսկ գործող քաղաքական ֆիգուրները կարող են հավատարմություն հայտնել տանդեմին միայն ամբողջությամբ և ոչ թե անձամբ Դմիտրի Մեդվեդևին: Այլապես հատվածական հավատարմություն հայտնողներն արագորեն դուրս կմնան էլիտայից:
Դեռևս 2008թ. հունիսին` նախագահական պաշտոնում Մեդվեդևի հայտնվելուց հետո, Թաթարստանի այն ժամանակվա նախագահ Մինտիմեր Շայմիևը հրապարակայնորեն դժգոհություն հայտնեց նահանգապետների նշանակման համակարգի առնչությամբ և հայտարարեց, որ Ռուսաստանն անպայման կվերադառնա ընտրությունների համակարգին: Դա իսկական փորձաքար էր:
73-ամյա Շայմիևը, որը տարիքի պատճառով ևս կորցնելու բան չուներ, փորձեց նշմարել նոր քաղաքական իրադրությունը: Չստացվեց: Շայմիևը պաշտոնը կորցրեց և տպավորություն թողեց, որ Ռուսաստանի ամենապրոպուտինյան էլիատներին ևս այս կյանքում ամեն ինչ չէ, որ դուր է գալիս:
Բորիս Ելցինի դուստր Տատյանա Յումաշևան բլոգում նշում է, որ Ելցինին ևս շատ բան դուր չէր գալիս պուտինյան դարաշրջանում: Բայց, ի տարբերություն Գորբաչովի և Շայմիևի, Ելցինն այդ մասին բաձրաձայն արտահայտվել չէր կարող, քանի որ Պուտինը հենց իր ընտրությունն էր: Սակայն Յումաշևան միարժեքորեն հասկանալ է տալիս, որ Ելցինը ևս զգալի փոփոխությունների կարիք էր տեսնում:
Այսօր կան բազմաթիվ անուղղակի նախանշաններ, որ պառակտումը ռուսաստանյան էլիտայում ավելի նշանակալի է, քան «Եդինայա» և «Սպրավեդլիվայա» Ռուսաստանների միջև ծավալվող բանավեճը, թե ով է առավել հավատարիմ իշխանություններին: Եվ պառակտիչները հասկանալի պատճառներով ամբողջ հույսը դրել են հենց Մեդվեդևի վրա: Սակայն սայլը, ինչպես ասում են, նույն տեղում է, ինչ երկու տարի առաջ` 2008թ. մարտին, երբ ընտրվեց Ռուսաստանի նոր նախագահը: Իսկ երկու տարին մեծ ժամկետ է:
Մեդվեդևն արդեն պաշտոնավարում է Պուտինի նախանշած ժամանակի կեսը: Անցած աշնանը, երբ հայտնվեց Մեդվեդևի «Առաջ, Ռուսաստան» հոդվածը, թվում էր, թե քաղաքական գործընթացը Ռուսաստանում տրանսֆորմացվում է: Սակայն արդեն այսօր պարզ է, որ Դմիտրի Անատոլիևիչի երկչոտ հռչակագրային տողերից այն կողմ գործը չշարժվեց:
Հասկանալի է, որ կան բավարար օբյեկտիվ հիմնավորումներ, որոնք ստիպում են Մեդվեդևին լինել Պուտինի հեզ աշակերտը: Եթե ինքդ ստեղծված ես որոշակի խնդրի համար, ինչպես կարող ես ստեղծել սեփական կուսակցությունը: Այդուամենայնիվ, ինչքան երկար է պաշտոնավորում նախագահը և ակտիվ գործունեություն ծավալում, այդքան հստակեցվում է ռուսաստանյան պետության ղեկավարի դերում Մեդվեդևի հայտնվելու տրամաբանությունը: Ավելին` նախագահ դառնալուց հետո Պուտինի կադրային քաղաքականության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բացահայտել որոշ օրինաչափություններ, որոնք գործընթացի զարգացման մեջ տեսանելի չէին:
«Ի՞նչ է ինքն իսկապես կարողանում անել» հարցին Պուտինը պատասխանել է. «Իմ մասնագիտությունը մարդկանց հետ հաղորդակցվելն է»: Այլ կերպ ասած` նա լավ է ճանաչում մարդկանց, կարողանում է տեսնել նրանց թույլ և ուժեղ կողմերը և կանխատեսել տարատեսակ գրգռիչների նկատմամբ մարդկանց հակազդեցությունը:
Վլադիմիր Վլադիմիրովիչի գլխավոր առավելությունը ո՛չ տնտեսությունն է, ո՛չ քաղաքականությունը, ո՛չ լայնածավալ բարեփոխումները, ո՛չ էլ ռուսաստանյան պետության երկարատև կայունության ապահովումը, այլ կադրեր գտնելու կարողությունը և ընթացիկ պահի հստակ խնդիրը լուծելու համար նրանց մանիպուլացնելու ընդունակությունը:
Հնարավոր է` ՊԱԿ-ում հենց դա են լավ սովորեցնում, հնարավոր է` Պուտինը բնությունից է օժտված այդ տաղանդով, սակայն Ելցինի հայտնի հոտառության համեմատ` Պուտինի այդ առավելությունն ավելի ծանրակշիռ է:
Պուտինի կադրային քաղաքականությունում հետաքրքիր են ոչ այնքան ելցինյան ընտանիքի կարկառուն դեմքերից` Բերեզովսկուց, Կասյանովից և Վոլոշինից ազատվելու դրվագները, որքան սեփական նշանակումների ընտրություն կատարելը:
Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարան, չեկիստական եղբայրություն, «Օզերո» կոոպերատիվ` սրանք են պուտինյան կադրերի սկզբնաղբյուրները, սակայն ավելի կարևոր է այն, որ նա իշխող կորպորացիայի անդամներին այնպես է տեղաբաշխել, որ նրանք չեն կարող օգտակար չլինել առաջնորդին և առավել ևս չեն կարող վնասել նրան:
Պուտինի հիմնական սկզբունքն է, քաղաքական մակերեսին թողնել մակերեսային մարդկանց, իսկ պրոֆեսիոնալ կատարողներին հեռու պահել նոր կուռքի ծարավ ունեցող ամբոխի տեսադաշտից:
Հրապարակային քաղաքականության մակերեսին Պուտինի նշանակմամբ եղել են կամ կան Ֆրադկովը, Զուբկովը, Միրոնովը, Գրիզլովը: Երկու վարչապետ, երկու խոսնակ, որոնք համատեղությամբ նաև իշխանության աջ և ձախ ոտքերի առաջնորդներն են: Բոլորն էլ հայտնվել են անէությունից և ամեն վայրկյան կարող են նույն հաջողությամբ անհետանալ:
Խորհրդարանի վերին և ստորին խոսնակները բավական ներկայանալի են. անհրաժեշտ է, որ ժողովուրդը տեսնի նրանց հեռուստաարկղում, այնուհետև ընտրի աջ կամ ձախ ոտքը:
Սակայն ո՛չ Միրոնովը, ո՛չ Գրիզլովը ինքնուրույն քաղաքականություն վարել չեն կարող: Նրանք չեն կարող վտանգավոր լինել Պուտինի համար, եթե հանկարծ դուրս գան վերահսկողությունից: Եթե որևէ մեկը կասկածում է, թող հավաքի նախորդ տասնամյակում նրանց ինտելեկտուալ արվեստի գլուխգործոցները:
Վարչապետները, ի տարբերություն խոսնակների, ընտրվել են այնպես, որ ոչ միայն չգրավեն, այլև ավելի շուտ վանեն լայն զանգվածների ուշադրությունը: Նրանք ընդհանրապես բացարձակապես անվանական ֆիգուրներ էին, որոնք խաղարկում էին այն փաստը, որ Պուտինը միշտ աշխատել է անմիջապես առանցքային նախարարների հետ: Ֆրադկովն ու Զուբկովը ընդհանրապես յուրօրինակ վարչապետական տեղապահներ էին. աթոռ, որը Պուտինը պահպանեց այնքան ժամանակ, քանի դեռ իրեն պետք չեկավ:
Իսկ նախորդ տասնամյակում իրական քաղաքականություն վարած մարդկանց ցուցակը հստակ է` Սեչին, Սուրկով, Սերգեյ Իվանով, Կուդրին: Նրանցից յուրաքանչյուրը մեկ ոլորտ է ղեկավարել, ոլորտ, որը կարևոր է պետության կենսագործունեության համար ընդհանրապես կամ իշխող կորպորացիայի համար մասնավորապես: Նրանցից յուրաքանչյուրին արգելվում էր առնչություն ունենալ իրենց գործունեության նեղ շրջանակին չվերաբերող հարցերին: Բոլոր ոլորտների համակարգումն իրականացնում էր անձամբ և միայն Պուտինը, սակայն ոչ վարչապետը կամ Կրեմլի վարչակազմի ղեկավարը:
Ռեալ քաղաքականություն իրականացրած մարդիկ հաճախ միմյանց հետ հակամարտության մեջ էին. երբեմն` սուր, երբեմն` թշնամական: Հետևաբար` Պուտինի համար նրանք վտանգավոր չէին, ինչպես և հրապարակային քաղաքականության մակերևույթին հայտնված մարդիկ: Սեչինը, Սուրկովը, Սերգեյ Իվանովը և Կուդրինը, ի տարբերություն Ֆրադկովի, Զուբկովի, Միրոնովի և Գրիզլովի, որոշակի շրջանակներում հսկայական ազդեցություն ունեին:
Սակայն բոլոր շրջանակներում միաժամանակ ազդեցություն ունենալ նրանցից և ոչ մեկը չէր կարող: Իսկ միավորվել համատեղ քաղաքական կշռի մեծացման համար նրանք ընդունակ չէին:
Կադրերի հետ այդքան հստակ աշխատանքը, նավթադոլարների և զանգվածների ավտորիտար գիտակցության հետ, Պուտինի քաղաքական երկարակեցության գլխավոր պատճառներից են: Եթե այս համատեքստում դիտարկենք հետնորդի պաշտոնում Մեդվեդևի ընտրության հարցը, ապա շատ բան պարզ է դառնում:
Վառ արտաքին չունեցող, ուժայինների, տնտեսավարողների և ժողովրդական զանգվածների մոտ հեղինակություն չվայելող համալսարանական դոցենտ Մեդվեդևը պատահականություն չէ: Նա մանրակրկիտ ընտրության արդյունք է: Սեփական շրջապատում Պուտինը գտել է մեկին, որը նվազագույնն է ի վիճակի վարել ինքնուրույն քաղաքականություն, անգամ նախագահական լիազորություններով օժտված:
Եվ ինչքան էլ սփիչռայթերները գրեն «Առաջ, Ռուսաստան» ոճի հոդվածներ, ինչքան էլ ինքը` Գորբաչովը, խոսի մեդվեդևյան քաղաքական կուսակցության անհրաժեշտության մասին, միևնույնն է, չկան ո՛չ մեծ գործեր, ո՛չ առաջընթաց շարժում, ո՛չ քաղաքական կուսակցություն: Այդ ամենը չկա, քանի որ հսկայական անջրպետ կա Մեդվեդևի ֆորմալ լիազորությունների և իրական հնարավորությունների միջև, և այդ իրական հնարավորությունների սահմանափակությունը բխում է Դ.Ա. Մեդվեդևի անձնական կենսագրությունից:
Պուտինը իր կոմբինացիան հստակ է հաշվարկել: Հենց այդ պատճառով նախագահ Մեդվեդևի ոչ մի կուսակցություն էլ չի լինի: Կմնան միայն իշխանության աջ և ձախ ոտքերը: