Ճգնաժամ և օրինաչափություններ
Մանուկ Հերգնյանը հավանական է համարում ճգնաժամի երկրորդ ալիքը
Սամվել Ավագյան
|
| Ըստ Մ. Հերգնյանի՝ եթե ճգնաժամի երկրորդ ալիքը բացառենք, Հայաստանի ՀՆԱ-ի աճը կտատանվի -3-3% միջակայքում, իսկ գնաճը կլինի 6-9%: |
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը համեմատություններ է կատարել ԱՊՀ, Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրների տնտեսությունների միջև՝ «ճգնաժամային» վարքագիծը պարզելու համար: Կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանն ասում է, որ աշխարհի ոչ մի երկիր պատրաստ չէր ճգնաժամին, սակայն համեմատություններն ու վերլուծությունները որոշ օրինաչափություններ են ի հայտ բերում:
Ճգնաժամն ամենախորը դրսևորվել է այն երկրներում, որոնք ունեցել են ընթացիկ հաշվի մեծ դեֆիցիտ: Հայաստանն այն երկրներից է, որտեղ տնտեսական անկումը շատ բարձր է, ավելի վատ է վիճակը միայն մերձբալթյան երկրներում, որտեղ, բացի ընթացիկ հաշվի դեֆիցիտից, ճգնաժամին նպաստել են նաև ֆիքսված փոխարժեքն ու մեծ պարտքերը: Հայաստանի ընթացիկ հաշվի դեֆիցիտը կազմում է ՀՆԱ-ի մոտ 7%-ը, Լիտվայում՝ 15%-ը, Վրաստանում՝ 20%-ը, իսկ ռեկորդը պատկանում է Բուլղարիային՝ 25%:
Ի դեպ, Հերգնյանի կարծիքով, ճգնաժամի նկատմամբ դիմադրողականությունը թույլ է եղել նաև այն երկրներում, որտեղ կիրառվել է ֆիքսված փոխարժեք: Հայաստանը 2009թ. առաջին եռամսյակում ևս նման քաղաքականություն է վարել, սակայն այնուհետև հրաժարվել է: Հերգնյանի կարծիքով՝ «հարկավոր էր ավելի շուտ անցնել լողացող փոխարժեքին՝ չկորցնելով համախառն ռեզերվների 45%-ը»:
Հայտնի է, որ Հայաստանի տնտեսական անկմանը նպաստող ամենամեծ գործոնը եղել է շինարարությունը: 14.4-տոկոսանոց անկման 80%-ը բաժին է ընկնում հենց այս ոլորտին: Հատկանշական է, որ աշխարհի ոչ մի այլ երկրում շինարարությունը ՀՆԱ-ում նման բարձր տեսակարար կշիռ չի ունեցել:
Մասնավորապես՝ համեմատվող տարածաշրջաններում չկա մի պետություն, որտեղ շինարարությունը գերազանցեր ՀՆԱ-ի 10%-ը, այնինչ Հայաստանում մոտ 30% էր: Սակայն Հերգնյանն ասում է, որ ոչ թե շինարարության ոլորտն է Հայաստանում շատ զարգացած, այլ մյուս ոլորտներն են թերզարգացած, իսկ շինարարությունը դեռ աճի մեծ ռեզերվ ունի: Այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ մեկ շնչի հաշվով բնակարանաշինության ծավալով Հայաստանը զգալիորեն զիջում է մյուս երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին ու Ռուսաստանին համարյա կրկնակի չափով:
Ինչ վերաբերում է կառավարության հակաճգնաժամային քաղաքականությանը, Հերգնյանն ասում է, որ այն համահունչ էր այլ երկրներում կիրառվող քայլերին՝ «նոր բան հայտնագործելու խնդիր չկար»:
2010թ. Հայաստանի տնտեսության դինամիկան մեծապես կախված կլինի համաշխարհային զարգացումներից:
Վերջին շրջանում տնտեսագետների միջև վիրտուալ բանավեճ է ծագել այն հարցի շուրջ, թե կլինի՞ արդյոք ճգնաժամի երկրորդ ալիք: Հերգնյանը պատկանում է տնտեսագետների այն խմբին, որոնք առավել հավանական են համարում ճգնաժամի նոր ալիքը, քանի որ ճգնաժամը ծնող հիմնական գործոնները՝ գլոբալ անհամամասնությունները, չեն վերացել: Ընդհակառակը՝ կառավարությունների ձեռնարկած քայլերի արդյունքում դրանք ավելի են ընդլայնվել:
Այդպիսի անհամամասնություններ են, օրինակ, երկրների առևտրային պայմանները՝ Չինաստանն ունի արտաքին առևտրի հսկայական հավելուրդ, իսկ ԱՄՆ-ը, ընդհակառակը՝ հսկայական պակասուրդ:
Եթե այնուամենայնիվ ճգնաժամի երկրորդ ալիքը բացառենք, ապա Հերգնյանի կարծիքով՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը կտատանվի -3-3% միջակայքում, իսկ գնաճը կլինի 6-9%: