«Հայկական աշխարհը» կարող է դառնալ ապագայամետ գաղափարախոսությունների հիմքը
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանի հետ
Սամվել Ավագյան
|
| ««Հայկական աշխարհ» հասկացությունը նոր չէ, մեր պատմիչները, սկսած պատմահորից, լայնորեն օգտագործել են այս հասկացությունը»,- ասում է Մանուկ Հերգնյանը: |
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանրության դատին նետեց «Հայկական աշխարհի» հասկացությունը: Ասում ենք՝ հասկացություն, որովհետև այն բովանդակային առումով դեռևս դատարկ է: Համոզված ենք, որ վարչապետը դեռ առիթ կունենա ավելի մանրամասն խոսել այս հասկացության մասին, սակայն կարծում ենք, որ հայ հասարակության տարբեր շերտեր պետք է արտահայտեն իրենց կարծիքը սրա շուրջ:
Հենց հասարակական քննարկումների և խմորումների մեջ պետք է եփել «Հայկական աշխարհի» տեսլականը, որից հետո այն իսկապես կարող է դառնալ համազգային կատեգորիա:
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանն առաջիններից մեկն է, որ համաձայնեց իր տեսակետը հայտնել այս հարցի շուրջ: Ստորև ներկայացնում ենք պրն Հերգնյանի հետ հարցազրույցը:
- Պրն Հերգնյան, անցյալ տարի վարչապետ Տիգրան Սարգսյանը շրջանառության մեջ դրեց «Հայկական աշխարհ» հասկացությունը: Հասարակության համար այդ հասկացութունը դեռ լիովին ընկալելի չէ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ ասել է «Հայկական աշխարհ»:
- Նախևառաջ «Հայկական աշխարհ» հասկացությունը ամենամեծ պոտենցիալ ունեցող և ամենախոր գաղափարներից մեկն է, որ վերջին շրջանում առաջադրվել է: Ուրախալի է, որ դա առաջադրվում է երկրի վարչապետի կողմից, բայց մյուս կողմից կարծում եմ, որ այս հասկացությունը դեռևս հասկացված չէ ոչ միայն հասարակության կողմից, այլև նույնիսկ քայլեր չեն իրականացվել հասկացությունը բացելու և խորը հիմնավորումներ տալու համար:
Ես համարում եմ այն մեծ պոտենցիալ ունեցող միայն այն դեպքում, եթե հասկացությանը տրվի լուրջ գաղափարական և, եթե ուզում եք, տեսական հիմնավորում: Սա մի գաղափար է, որ կարող է շատ մեծ ռեզոնանս տալ բոլոր հայերի մտքում և սրտում:
«Հայկական աշխարհ» հասկացությունը նոր չէ, մեր պատմիչները, սկսած պատմահորից, լայնորեն օգտագործել են այս հասկացությունը, իհարկե, տարբեր համատեքստերում: Մասնավորապես, Հայաստանը որպես երկիր ներկայացվում է «Հայոց աշխարհ»: Փաստորեն, աշխարհը հնում հասկացվում էր երկրի իմաստով, իսկ ստուգաբանորեն ունի նաև տիեզերքի իմաստ:
Ըստ էության, «աշխարհ» հասկացությունն իր մեջ ունի ինքնաբավության և համապարփակության բաղադրիչ, ինչը հատկանշական է այսօրվա եզրաբանությամբ ասած համակարգին: Այս առումով ես համարում եմ, որ հարկավոր է շատ լուրջ տեսական հիմնավորում տալ, մինչև ավելի գործնական քայլերի անցնելը: Այսօր ավելի շատ գործնական քայլերի մասին են խոսում, քան խոր տեսական հիմնավորումների, իսկ դրանում ես տեսնում եմ վտանգ:
Օրինակ՝ խոսում են ցանցերի մրցակցության մասին, որը շատ կարևոր գաղափար է՝ հնչեցված վարչապետի կողմից, այն է՝ այսօր մրցակցում են ոչ թե երկրները, այլ ցանցերը: Համաձայն եմ այդ գաղափարին, եթե հստակեցվի ցանցի և պետության դերը համընդհանուր ազգային նպատակների համատեքստում: Առանց այդ հիմնավորումների չենք կարող հասկանալ, թե մեր ազգային ցանցերը՝ ձեռնարկատիրական, սոցիալական, տեղեկատվական կամ որևէ այլ տեսակի, ինչպես և ինչ սկզբունքների հիման վրա պետք է կազմավորվեն, որոնք են այն գաղափարական կետերը, որոնք կարող են էներգետիկա հաղորդել ցանցերին և կոնսոլիդացնել մեծ ռեսուրսներ: Իսկ այդ հասկացությունը համարժեք դարձնելը մի քանի կոնկրետ նախագծերի հետ, որոնց հաջողության հավանականությունն անհայտ է, կարող է ուղղակիորեն այն դարձնել հաջորդ իմաստազրկված և արժեզրկված գաղափարը: Այսօր առաջնային խնդիրն է լուրջ գաղափարական հիմնավորում տալ առաջադրված հասկացություններին:
- «Հայկական աշխարհի» հիմքում միայն Սփյուռքի՞ գործոնն է, թե՞ կան նաև այլ գործոններ:
- Կարծում եմ՝ այն շատ ավելի ֆունդամենտալ շերտեր կարող է ներառել, քան զուտ Սփյուռքի առկայությունը: Այսօր չէի ցանկանա այդ մասին շատ ծավալվել, բայց առանցքներից մեկը, որի շուրջ կարող է պտտվել «Հայկական աշխարհի» գաղափարը, իմ համոզմամբ, այն է, որ հայությունն առանձին քաղաքակրթական միավոր է:
Մենք իսկապես պատմական կոչում ունեցող, մշակութային ինքնաբավության և ինքնատիպության բարձր աստիճան ունեցող ժողովուրդ ենք, և այդ հիմնարար զգացողությունից է բխում այն, որ խոսում ենք «աշխարհի» վերաբերյալ: Մյուս կողմից՝ սա պետք չէ դիտարկել որպես փակ համակարգի ջատագովում, փակությունն այսօր մեր հիմնական վտանգներից մեկն է: Ընդհակառակը, սա պետք է դիտարկել աշխարհի նկատմամբ բացության հրամայականի, համաշխարհային ցանցավորման տեսանկյունից:
Մեր էթնիկական ներքին ռեսուրսները սոսնձող գաղափարի առկայության պարագայում այդ բացությունը կլինի սնուցող, այլ ոչ թե քայքայող: Սա ենթադրում է, որ համակարգը պետք է լինի ոչ միայն ինքնատիպության կայուն կորիզ ունեցող, այլև դրսի համակարգերին լավ ինտեգրված: Սփյուռքն արդեն իրականություն է, և գաղափարի հաջորդ շերտն է: Մյուս շերտն այն է, որ կոնկրետ իրագործումներ կարող են տեղի ունենալ տարբեր ոլորտներում՝ սկսած կրթական ոլորտից, վերջացրած ՏՏ ոլորտով:
- Կարելի՞ է գաղափարը դիտարկել այնպես, որ «Հայկական աշխարհը» հայկական պետականության շուրջ հայության համախմբման միջոց է:
- Որքան էլ որ խոսենք ցանցերի վերաբերյալ, միևնույն է՝ գոնե հայկականության տեսանկյունից այդ ցանցի կենտրոնական հանգույցը պետք է լինի հայկական պետությունը: Գաղափարը, որ մրցակցում են ոչ թե պետությունները, այլ ցանցերը, իր ծայրահեղական դրսևորմամբ ունի մի շարք վտանգներ, եթե պետությանը կենտրոնական դեր չտանք: Հայկականության տեսանկյունից ցանկացած տեսակի հայկական ցանցում պետականությունը պետք է դառնա կենտրոնական հանգույցը: Ի վերջո, «Հայկական աշխարհի» գաղափարը կենսունակ է այնքանով, որքանով կարող է գործել միասնական գաղափարական և արժեքային դաշտում: Սա ամենադժվար և ամենակարևոր խնդիրներից մեկն է: Իսկ դա իրագործելի է, եթե որպես կազմակերպման կենտրոն հանդես գա հայկական պետականությունը:
- Կարելի՞ է համեմատություններ անել «Հայկական աշխարհի» և հրեական սիոնիզմի միջև:
- Ես չէի ուզենա համարժեքության նշան դնել երկու գաղափախոսությունների միջև, քանի որ դրանք բացարձակապես տարբեր գաղափարական հիմքերի վրա են դրված: Սակայն իրագործման տեսանկյունից մենք կարող ենք դասեր քաղել: Մասնավորապես՝ սիոնիզմն ունեցել է գործնական նպատակ՝ հրեական պետության ստեղծում և դրա ուժեղացում: Բայց դրան նախորդել է շատ ուժեղ գաղափարական և տեսական հիմնավորումը: Սիոնիզմը չի ստեղծվել որպես մարդկանց համախումբ, որոնք որոշակի գործնական նպատակներ են հետապնդում: Հետևաբար՝ կարելի է զուգահեռներ անցկացնել՝ իրագործման տեխնիկայի առումով: Իսկ գաղափարական կամ տեսական ընդհանրացումներ, կարծում եմ, տեղին չեն:
- Եթե «Հայկական աշխարհը» դիտարկում ենք զուտ աշխարհագրական տեսանկյունից, տեսնում ենք, որ տարբեր գաղթօջախների և բուն Հայաստանի միջև առկա է որոշակի խզվածություն՝ քաղաքական, մշակութային, տնտեսական, որ գնալով մեծանում է: Ի՞նչ կերպ «Հայկական աշխարհը» կարող է մերձեցնել հայության տարբեր հատվածները:
- Խզվածության հիմնական, ֆունդամենտալ պատճառներից մեկն այն է, որ դեպի ապագա ուղղված գաղափարական հենքն է պակասում: Այսօր հայության ամենամիավորող գաղափարը Եղեռնի գաղափարն է, ընդհանրական ցավի գաղափարը: Բայց մյուս կողմից՝ ապագայամետ գաղափարները, որ ամեն ինչ կկենտրոնացնեին ու կսոսնձեին, դեռևս բյուրեղացված չեն: «Հայկական աշխարհը» հենց կարող է դառնալ նման ապագայամետ գաղափախոսությունների հիմքը:
Զրուցեց Սամվել Ավագյանը
rubikjan - 19 Հունվար 2010թ.
Չափազանց ողջունելի է հասարակական քննարկումներ կազմակերպելու այս նախաձեռնությունը, թե օրաթերթի և թե ՀԿ-ի կողմից։ նման քննարկումների շնորհիվ է միս ու արյուն ստանալու այդ գաղափարը, եթե իհարկե ընդունենք, որ այն արժանի արձագանք է այսօրվա իրականությանը։ Մեկ դիտարկում. ընդհանուր տպավորությունն այնպիսին էր, որ մոտեցումը զուտ սպառողական է հայկական աշխարհի նկատմամբ։ Այսինքն այդ աշխարհն ինքին գոյություն ունի, այնտեղ ռեւսուրսներ կան, չգիտեմ որտեղից ստեղծված, իսկ այսօրվա հիմնական խնդիրն այն է, որ կարողանանք համակարգել ու «ճիշտ» ռելսերի վրա դնել այս ռեսուրսները։ Մի կողմ թողնելով, քննարկումները, թե որն է ճիշտ և ում տեսանկյունից։) պիտի մտածել, թե ինչպիսի պայմաններ կարող ենք ստեղծել, որ այդ հայկական աշխարհում նոր մարդկային ռեսուրսներ ծնվեն ու զարգանան։ թե չէ հիմա ստացվում է, որ կամ շահագործում ենք, հիշում եք խորհրդային տերմինը, «կեղեքում» ենք, նույն խորհրդային տարիներին ստեղծված մարդկային ոչ այնքան երիտասարդ ներուժը կամ սերունը, կամ էլ համեմատաբար երիտասարդ այն հատվածը, որը հաջողացրել է արևմուտքում ինչ որ մի բանի հասնել։ Խնդիրն կարծում եմ այն է, որ կարողանանք ռեսուրսներ ստեղծել հենց հայաստանում։ Իսրայելի օրինակը իհարկե, բանալ է, սակայն, ասենք օրինակ ինտելի պրոցեսորների վերջին սերնդի կոդային անվանումը Նեհալեմ է (ինչ որ մի լեզու է հիշեցնում, ոչ անգլերեն և ոչ էլ հայերեն։), իսկ նախագծվել է իսրայելում։ Կարտադրվի մեկ ուրիշ տեղ, դա արդեն կարևոր չէ, բայց գաղափարը, միտքը, մարդիկ իսրայելում են։