Թուրքիայի պատմության մութ անկյունները
Հաճախ թաքնված ճշմարտությունների բացահայտումը փոխում է պատմության ընթացքը

Պատրաստեց Լևոն Սարգսյանը
Գերալդ Կնաուս
Եվրոպական կայունության նախաձեռնության տնօրեն
Գերալդ Կնաուս
Եվրոպական կայունության նախաձեռնության տնօրեն

Ուոթերգեյթի ներխուժումից վեց օր անց Սպիտակ տանն արված ձայնագրությունը կնքեց նախագահ Նիքսոնի ճակատագիրը` նրան ստիպելով հրաժարական տալ մի քանի շաբաթվա ընթացքում: Ալեքսանդր Սոլժենիցինի «Գուլագյան արշիպելագը» անօրինական ճանապարհով դուրս բերվեց ԽՍՀՄ-ից և հրատարակվեց 1973թ.` ցնցելով ամբողջ աշխարհը բանտային աշխատանքի խորհրդային հսկայական համակարգի նկարագրությունով:

Պատմության ընթացքում իշխանության ղեկին գտնվողները միշտ էլ հասարակությունից գաղտնիքներ են պահել: Բայց երբ գաղտնիությունը հանգեցնում է պետության գործած հանցանքների անպատժելիության, այն վտանգավոր է դառնում: Անպատժելիության մշակույթը բարգավաճում է գաղտնիության, մեղսակից մամուլի ու քաղաքացիական հասարակության պասիվության պայմաններում:

Թուրքիայում պետությունը ներքին և արտաքին թշնամիներից պաշտպանողների համար գաղտնիությունը և անպատժելիությունը երկար ժամանակ ընկալվել են որպես անառարկելի հանգամանք:
«Խորքային պետությանն» (derin devlet) առնչվող խմբերի և հաստատությունների գործունեության վրա լույս սփռելու ուղղությամբ բոլոր փորձերն առանց բացառության ձախողվել են:

Վերջին շաբաթների ընթացքում թուրքական գաղտնիության շղարշը հետ քաշվեց բավական դիտարժան ձևով:  Ի հայտ եկան երկու փաստաթղթեր, որոնք մանրամասն նկարագրում են թուրքական զինված ուժերի կողմից ծրագրված գործողությունները, որոնց նպատակն էր ահաբեկել և անգամ սպանել անմեղ քաղաքացիներին, քրիստոնյա կամ մահմեդական ուսանողներին և այսպես քայքայել ընտրված կառավարությունը:

Փաստաթղթերից մեկը վերնագրված է «Վանդակ» գործողության աշխատանքային պլան, մյուսը` «Արձագանքի դեմ պայքար-ներկա կարգավիճակ» աշխատանքային պլան: Այս փաստաթղթերից յուրաքանչյուրն առանձին կամ, առավել ևս, միասին ընթերցվելու դեպքում շատ լուրջ հարված են հասցնում թուրքական անվտանգության կառույցների վստահելիությանը և լեգիտիմությանը: Երկուսն էլ երևան են եկել ընթացքի մեջ գտնվող «Էրգենեկոնի» դատավարության  արդյունքում:

Այս դատական գործում Ստամբուլի դատախազները հետաքննում են մի շարք հանցանքներ, որոնք ենթադրաբար կատարվել են թուրքական անվտանգության կառույցների հետ կապ ունեցող խմբերի կողմից և ակնհայտորեն ընտրված կառավարությունը տապալելու նպատակ են հետապնդել:
2009թ. ապրիլին ձերբակալված` Թուրքիայի ռազմածովային ուժերի ստորջրյա գրոհային խմբի նախկին անդամներից մեկի մոտ հայտնաբերվեց ու առգրավվեց խտասկավառակի վրա ձայնագրված «Վանդակ» գործողության էլեկտրոնային կոդավորված տարբերակը:

Իսկ «Արձագանք» գործողության ստորագրված օրինակը գտնվեց մեկ այլ նախկին սպայի ձերբակալության ժամանակ` 2009թ. հունիսին: Թուրքիայի գլխավոր շտաբն անմիջապես այն որակեց որպես կեղծիք, զուտ «թղթի կտոր»: Գլխավոր շտաբի պետն անգամ պնդում էր, որ դա դավադրություն է բանակի դեմ: Այնուհետև` 2009թ. ապրիլին, Գլխավոր շտաբի աշխատակիցներից մեկը «Արձագանք» գործողության ստորագրված բնօրինակը ուղարկեց թուրք դատախազներից մեկին` կցված նամակում բացատրելով Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի դերն այս պլանի մշակման գործում: Դա հրապարակվեց հոկտեմբերի 24-ին: «Վանդակ» գործողությունը հրապարակվեց նոյեմբերի 19-ին «Թարաֆ» օրաթերթում տպված հոդվածում:

Ի՞նչն է այս երկու փաստաթղթերն այդքան պայթյունավտանգ դարձնում:
«Վանդակ» գործողության դեպքում ամեն ինչ շատ հստակ է: Դրա վրա ամսաթիվ կա` 2009թ. մարտ, ինչպես նաև հեղինակի անունը` Էրջան Կիրեչթեփե` ռազմածովային սպա, հատուկ ուժային գործողությունների հրամանատարություն: Գործողության պլանն աշխատանքի բաժանում է նախատեսում ռազմածովային 35 անդամների միջև` խորհրդատվական ժողովի շրջանակում, որը նախագահում է փոխծովակալ Ֆեյազ Օգութչուն:

Առկա է նաև պարզ և հստակ թիրախ. «մեծացնել թե՛ ներքին և թե՛ արտաքին ճնշումները «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարության նկատմամբ, շեղել հասարակության ուշադրությունը հատկապես «Էրգենեկոնի» գործում` կասկածի տակ դնելով ոչ մահմեդականների կյանքի և սեփականության անվտանգությունը»:
Ամենից սահմռկեցուցիչն այն է, որ նշվում են նախապատրաստման և իրականացման ենթակա հստակ առաջադրանքներ:

Գործողության փուլ.
1.    Ռումբեր կպայթեցվեն Ստամբուլին մոտ գտնվող Ադալար տարածքի տարբեր շրջաններում;
2.    Կկազմակերպվեն այն անձանց սպանությունները, որոնք հայտնի են որպես փոքրամասնությունների իրավունքների ջերմեռանդ պաշտպաններ;
3.    Ռումբեր կտեղադրվեն նախապես որոշված տարածքներում, ինչպես, օրինակ, «Ակօս» թերթի խմբագրության հարևանությամբ;
4.    Շեղել անվտանգության ուժերի ուշադրությունը` կասկածելի փաթեթներ տեղադրելով շատ վայրերում և ոստիկանությանը դրանց մասին տեղեկացնելով;
5.    Գործողություններ կիրականացվեն նավամատույցներում, որտեղից նավափոխադրումներ են կատարվում դեպի Ադալար;
6.    Սենսացիոն գործողություններ կիրականացվեն ոչ մահմեդականների գերեզմանոցներում;
7.    Մեկ կամ մի քանի ճանաչված ոչ մահմեդական գործարարներ և արվեստագետներ կառևանգվեն;
8.    Կարճատև դադարներով կհրկիզվեն փոխադրամիջոցներ, տներ և աշխատավայրեր այն շրջաններում, որտեղ առկա է ոչ մահմեդական հոծ բնակչություն;
9.    Նմանատիպ գործողություներ կիրականացվեն ոչ մահմեդական հոծ բնակչություն ունեցող այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Ստամբուլը և Իզմիրը;
10.    Սաբոտաժի, առևանգումների և սպանությունների համար պատասխանատվություն կստանձնեն արձագանքման կազմակերպությունները, որոնք կորոշվեն հատուկ գործողությունների ծրագրի բջջային առաջնորդների հետ համակարգման միջոցով:

«Վանդակ» գործողության անգլերեն տարբերակն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Արձագանքման դեմ գործողությունների ծրագիրը, որը ստորագրված է ուղղակիորեն Գլխավոր շտաբի աշխատակազմում աշխատող գնդապետի կողմից, նմանատիպ թիրախներ է սահմանում.

«Վերջ դնել այս հարցում բոլոր տարակուսանքներին` բացահայտելով կրոնական արձագանքման տարրերի թաքցրած դեմքը և վերջ տալ նման ցանցերին ցուցաբերվող հասարակական աջակցությանը: «Էրգենեկոնի» շրջանակում բեմադրված քայքայիչ արշավների ազդեցությունը հասցնել նվազագույնի և վերջ դնել թուրքական զինված ուժերի դեմ ուղղված բացասական քարոզչությանը»:

Սրան հասնելու համար գործողությունների պլանը մատնանշում է կոնկրետ միջոցներ, որոնք նախևառաջ ուղղված են պահպանողական «Գյուլեն» շարժման դեմ, որն աջակցում է ԱԶԿ կառավարությանը և Թուրքիայի ԵՄ նկրտումների կողմնակից է.
««Ֆեթուլլա Գյուլենի աջակիցները վերահսկողությունից դուրս են, բացեիբաց դուրս են եկել և հարձակվում են թուրքական զինված ուժերի դեմ» թեման այնպես կտարածվի, որ նույնիսկ պահպանողական քաղաքացիներն ասեն` «սա արդեն չափից դուրս է, մենք բոլորս մուսուլման ենք, մինչդեռ Ֆեթուլլա Գյուլենի այս աջակիցները սադրանքներ են կազմակերպում, որպեսզի հարձակվեն  թուրքական զինված ուժերի դեմ»:

«Այնպես պետք է կազմակերպել, որ Գյուլենի բնակավայրերում զինվորական օրենքին համապատասխան խուզարկությունների ընթացքում հայտնաբերվի զենք, զինամթերք, գործողությունների ծրագրեր և այլ նյութեր, որպեսզի Ֆեթուլլա Գյուլենի խումբը որակվի որպես զինված ահաբեկչական խմբավորում; Ֆեթուլլայամետ զինված ահաբեկչական կազմակերպության (FATO) հետաքննությունը կիրականացվի զինվորական օրենսդրությանը համապատասխան»:

«Թերթերում հոդվածներ կտպվեն, որ թուրքական զինված ուժերի շտաբի անդամները, որոնք ձերբակալվել են «Էրգենեկոնի» հետաքննության ընթացքում, անմեղ են, և որ նրանց մասին զրպարտություններ են տարածվել, քանի որ նրանք արդյունավետ պայքար էին մղում պահպանողական իսլամի դեմ»:
«Չափավոր իսլամի խնդիրն առանձնահատուկ ձևով կընդգծի փաստը, որ Ֆեթուլլա Գյուլենի կողմնակիցները գործում են ԱՄՆ հովանու ներքո և նպատակ են հետապնդում կասկածի տակ առնել իսլամի իսկությունը»:

«Տնային խուզարկություններ կիրականացվեն, և այնպես կկազմակերպվի, որ բացի զենք ու զինամթերքից` հայտնաբերվեն իրեր, որոնք կմատնանշեն, որ Ֆեթուլլա Գյուլենի աջակիցները կապեր են ունեցել տարբեր խմբերի հետ (հրեականության, ԿՀԳ-ի, Մոսադի, Լուսնի աղանդի, Խոմեյնիի, և այլն):
Թուրքական եվրոպամետ մամուլը, նախևառաջ` «Թարաֆ» օրաթերթը, վճռորոշ դեր է խաղացել այս տեղեկության բացահայտման և տարածման գործում: Թուրքիայի փոքրամասնությունների ներկայացուցիչները նույնպես արտահայտվել են:

Դեկտեմբերի 4-ին հայկական «Ակօս» շաբաթաթերթը լույս տեսավ «Վանդակը մեզ չզարմացրեց» խորագրով: Ադալարի  քաղաքապետի (Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ) հայազգի խորհրդականը նշեց, որ «մենք նման դեպքերի ականատեսն ենք եղել Հեյբելիադայում, Կինալիադայում և Բույուքադայում: Մեզ թվում էր, թե դրանք առանձին միջադեպեր են, բայց երբ տեսանք «Վանդակի» պլանը, հասկացանք, որ դրանք բոլորը մանրամասն պլանավորված դավադրության մասն են:

Հունական ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսը «Զաման» օրաթերթին փոխանցել է, որ մութ ուժերը նախատեսում էին օգտագործել փոքրամասնություններին կառավարությանը տապալելու նպատակով, և որ «շատ ցանկալի զարգացում է այն, որ թուրքական ոստիկանությունը և դատախազները սկսել են բացահայտել այդ մութ պլանները, իսկ պատասխանատուները ձերբակալվում և դատվում են»:

Նոյեմբերի 21-ին Էյուպ Ջանը «Հյուրիեթում» գրել է, որ «եթե անգամ «Թարաֆում» գրվածի կեսը ճշմարիտ է, ուրեմն յուրաքանչյուր գիտակից մարդ այս երկրում կխելագարվի»: Նույն թերթում Հադի Ուլուենգինը նոյեմբերի 24-ին գրում է, որ «եթե սա ճիշտ է, ապա այն ամենասարսափելի դավադրությունն է, որ զինված ուժերը երբևէ ծրագրել են»: Անկախ պատգամավոր Ուֆուկ Ուրասը նշել է, որ «նրանք, ովքեր տեսնում են սա և չեն գրում դրա մասին, դառնում են այդ հանցանքի մեղսակիցը»:

Հուսանք, որ ներկայում շարունակվող «Էրգենեկոնի» դատավարությունը կբացահայտի այս փաստաթղթերի ծագումը: Միայն օրինական դատարանը կարող է վճռել որևէ անհատի մեղավորությունը: Բայց այս փաստաթղթերի շուրջ ծավալված քննարկումներն արդեն փոխում են Թուրքիան: Հուլիսին Թուրքիայի խորհրդարանի կողմից ընդունված նոր օրենքն ընդլայնել է քաղաքացիական դատարանների լիազորությունները, և դրանք այժմ իրավունք ունեն դատել նախկին և գործող զինվորականներին, որոնք հանցանքներ են գործել:

Երկու շաբաթ առաջ երեք պաշտոնաթող գեներալներ առաջին անգամ հարցաքննվեցին քաղաքացիական դատախազների կողմից 2003-2004 թթ. պլանավորված ենթադրյալ դավադրության կապակցությամբ:
Թուրքիայի քաղաքացիական և զինվորական հարաբերություններում լուռ հեղափոխությունն ընթանում է ամբողջ թափով:

Գերալդ Կնաուս
Եվրոպական կայունության նախաձեռնության տնօրեն



 
 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
<<Դեկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC