Պետական կապիտալիզմի վնասաբերությունը
Ճգնաժամի դեմ պայքարը դարձել է ազատ շուկայի դոկտրինից հրաժարվելու միջոց

Կապիտալ
Այժմ ազատ շուկան մղվել է երկրորդ պլան. հերթը պետական կապիտալիզմինն է.
Այժմ ազատ շուկան մղվել է երկրորդ պլան. հերթը պետական կապիտալիզմինն է.

Գլոբալ ռեցեսիայի մեղմացմանը և հիվանդ տնտեսությունների առողջացմանն ուղղված պետական միջամտության ալիքն անցնող տարի ԱՄՆ-ում և Եվրոպայում տեղ գտած գլխավոր միտումն էր:

Զարգացած երկրների կառավարությունները մտադիր չեն անվերջ տնտեսության կառավարում իրականացնել: Իսկ զարգացող երկրներում նմանատիպ միջամտության հետևում այլ միտում կա. այդ երկրներում պետության հզոր ազդեցությունը տնտեսության վրա վկայում է ազատ շուկայի դոկտրինից հրաժարվելու ռազմավարական մոտեցման մասին:

Այսօր էներգակիրների համաշխարհային պաշարների 75%-ը վերահսկում են ոչ թե մասնավոր բաժնետերերը, այլ կառավարությունները: Բուռն զարգացող տնտեսություններում ընկերությունները, որոնք պետության սեփականությունն են կամ կապված են պետության հետ, հիմնական ոլորտների գլխավոր դերակատարներն են:

Այսպես կոչված ազգային բարեկեցության հիմնադրամները, որոնք կառավարության սեփականությունն են հանդիսանում, իրականացնում են համաշխարհային ներդրումների 1/8-րդ մասը: Այսպիսի միտումը բերում է միջազգային քաղաքականության և համաշխարհային տնտեսության վերակառուցման, քանի որ տնտեսական իշխանության և ազդեցության լծակները հայտնվում են կենտրոնական պետական իշխանության վերահսկողության տակ: Այդ տենդենցները հզորացնում են պետական կապիտալիզմի բարդ ֆենոմենը։

Այժմ ազատ շուկան մղվել է երկրորդ պլան: Հերթը պետական կապիտալիզմինն է՝ համակարգ, որի դեպքում պետությունը հանդես է գալիս առաջատար տնտեսական գործակալի դերում և շուկաներն օգտագործում է հիմնականում քաղաքական նպատակներով: Այդ միտման զարգացման արդյունքում գլոբալ մրցակցության նոր ալիք է բարձրացել, որը ոչ թե քաղաքական գաղափարախոսությունների, այլ տնտեսական մոդելների պայքար է:

Եվ այստեղ դարձյալ մեծ դեր ունեն քաղաքական որոշումները:

Սառը պատերազմի ժամանակ Խորհրդային Միության և Չինաստանի վարչահրամայական տնտեսությունների շրջանակում ընդունված որոշումները գործնականում չէին ազդում արևմտյան շուկաների վրա: Այսօր Աբու Դաբիի, Անկարայի, Բրազիլիայի, Դելիի, Մեխիկոյի, Մոսկվայի և Պեկինի պետական պաշտոնյաների և ծառայողների տնտեսական որոշումներին համաշխարհային շուկաներն արձագանքում են շատ արագ: Եվ դա միայն ԱՄՆ-ի ազդեցության և հզորության անկման ուղղակի հետևանք չէ:

Եթե զարգացող երկրների կառավարությունները նախապատվությունը տային լիբերալ կապիտալիզմին, ապա համաշխարհային շուկայում ԱՄՆ-ի ներկայության նվազումը կփոխհատուցվեր արդյունավետության և արտադրողականության աճով, սակայն պետական կապիտալիզմի աճը համաշխարհային շուկայում բերեց անարդյունավետության ընդլայնման և տնտեսական որոշումներում պոպուլիզմի տարրերի գերակայության:

Պետական կապիտալիզմի պայմաններում առաջնային են դառնում չորս կարևորագույն տնտեսական գործակալները՝ ազգային նավթային կորպորացիաները, պետական ձեռնարկությունները, մասնավոր «ազգային չեմպիոն» ընկերությունները և ազգային բարեկեցության հիմնադրամները:

«Մեծ նավթը» Արևմուտքում սովորաբար զուգորդվում է առաջին հերթին BP, Chevron, ExxonMobil, Shell, Total անդրազգային ընկերությունների հետ, սակայն այսօր աշխարհի 13 խոշորագույն նավթային ընկերությունները պետական սեփականություն են և կառավարվում են պետության կողմից:

Այդ ընկերությունների մեջ են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Saudi Aramco-ն (Սաուդյան Արաբիա), National Iranian Oil Company-ն (Իրան), Petroleos de Venezuela-ն (Վենեսուելա), Գազպրոմն ու Ռոսնավթը (Ռուսաստան), China National Petroleum Corporation-ը (Չինաստան), Petronas-ը (Մալայզիա), Petrobras-ը (Բրազիլիա): Այս ընկերությունները վերահսկում են համաշխարհային նավթի արդյունահանման և պաշարների 75%-ը:

Նավթային քիմիայի, էլեկտրաէներգիայի արտադրության, հանքարդյունաբերության, մետաղամշակման և սև մետալուրգիայի, նավագնացության և նավահանգիստների կառավարման, զենքի արտադրության, ավտոմեքենաշինության, ծանր արդյունաբերության, հեռահաղորդակցության, ավիացիայի ոլորտներում կառավարություններն այլևս չեն բավարարվում շուկայական կարգավորմամբ:

Պետությունները շուկան օգտագործում են սեփական երկրներում քաղաքական դիրքերի ամրապնդման նպատակով: Մասնավոր հատվածում մնացած ընկերությունները զգալի կախվածության մեջ են հայտնվում պետական հովանավորչությունից, ինչն արտացոլվում է վարկերի, սուբսիդիաների, պայմանագրերի տեսքով:

Պետությունն օտարերկրյա առևտրային մրցակիցների հետ պայքարում աջակցում է հայրենական ընկերություններին, իսկ ընկերություններն էլ պետության աջակցությամբ կլանում են ավելի փոքրերին երկրի ներսում, և դա ամրացնում է մասնավոր «ազգային չեմպիոնների» հզորությունը՝ իբրև պետական կապիտալիզմի հենասյուն:

Ռուսաստանում ցանկացած խոշոր բիզնես բարգավաճելու համար պետք է լավ հարաբերություններ ունենա պետության հետ: Ազգային չեմպիոնները վերահսկվում են օլիգարխների փոքր խմբի կողմից: Այդ խումբը վայելում է Կրեմլի բարեհաճությունը: Այդ կարգավիճակում են «Նորիլսկի նիկելը», Նովոլիպեցկի մետալուրգիական հսկան, «Սեվերստալը», «Մետալոինվեստը», էլի մի քանիսը:

Գրեթե նույն վիճակն է նաև Չինաստանում AVIC՝ ինքաթիռաշինության, Huawei՝ հեռահաղորդակցության, Lenovo՝ համակարգչային արտադրության կայսրությունները գործարարների նեղ շրջանակի ձեռքում են:

Պետության ընդգծված աջակցությանն արժանացած մեծ կորպորացիաներ են ձևավորվել նաև Բրազիլիայում, Հնդկաստանում, Իսրայելում, Լիբանանում, Ֆիլիպիններում, Ալժիրում: Այդ ընկերությունների ֆինանսավորման բեռը մասնակիորեն դրվել է նաև ազգային բարեկեցության հիմնադրամների վրա:

Պետք է նշել, որ «ազգային բարեկեցության հիմնադրամ» տերմինն առաջին անգամ օգտագործվեց 2005թ., թեև Քուվեյթի ներդրումների խորհուրդը ստեղծվել է դեռևս 1953թ.:

Բնական պաշարների արտահանումից ստացվող գերշահույթների կուտակման ինստիտուտների որակումը՝ իբրև ազգային բարեկեցության հիմնադրամ, դրանց նշանակության ու կարևորության արտացոլումն է: Աշխարհի տասը խոշորագույն հիմնադրամներից միայն մեկն է պատկանում ժողովրդավարական պետությանը՝ Նորվեգիային:

Պետական կապիտալիզմի ամենաբնորոշ գիծը պետության իշխանավորների և ձեռնարկությունների ղեկավարության միջև եղած սերտ կապերն են, ինչի հետևանքով տնտեսական որոշումները դառնում են քաղաքական չինովնիկների թիրախը: Եվ այդ որոշումները շատ հաճախ շուկաները դարձնում են պակաս մրցունակ, հետևաբար՝ ավելի անարդյունավետ:

Ներդրումների ուղղվածությունը ձեռք է բերում ոչ թե տնտեսական, այլ քաղաքական բնույթ: Եթե բիզնեսը և քաղաքականությունը փոխկապակցված են, ապա իշխող էլիտային սպառնացող ներքին անկայունությունը սկսում է մեծ դեր խաղալ նաև բիզնեսում:

Ավելին՝ հենց քաղաքական շարժառիթներով է սկսում պայմանավորվել օտարերկրյա ներդրողների և գործընկերների ռազմավարությունը:

Ձևավորվող շուկայական տնտեսություններում մասնավոր ընկերությունները գիտակցում են պետության ղեկավարության հետ սերտ կապեր հաստատելու անհրաժեշտությունը և իրավական ու վարչական մակարդակի միջին տրամաչափի չինովնիկների հետ անմիջական համագործակցության նպատակահարմարությունը:

Անդրազգային ընկերությունները գլոբալ ռեցեսիայի պայմաններում ժամանակի և ֆինանսների այդ ծախսերն սկզբում համարում էին շռայլություն, սակայն ներդրումները և դիրքերը պաշտպանելու համար ստիպված հետևեցին փոքրերի օրինակին:

Չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին՝ պետական ձեռնարկություններն ու մասնավոր ազգային չեմպիոններն առայժմ պահպանում են զգալի մրցակցային առավելությունները մասնավոր հատվածի նկատմամբ: Այդ ընկերություններն իսկապես չափազանց խոշոր են արագ կործանվելու համար:

Տնտեսությունում պետական միջամտության ուժեղացումը ենթադրում է տնտեսական աճի արգելակում, ինչը բյուրոկրատական ապարատի ծախսերի, անարդյունավետության և կոռուպցիայի հետևանք է:

Այդ բացասական միտումներն առավել ցայտուն են երևում ավտորիտար պետություններում, քանի որ այդ երկրներում քաղաքական առաջնորդները ազատ մամուլի, դատարանների կամ օրենսդիրների ճնշում չեն զգում և տնտեսական որոշումներ ընդունելիս չեն տեսնում սխալներն ու վտանգները՝ այդ կերպ դիմակազերծելով պետական կապիտալիզմի ամբողջ վնասակարությունը:



 
 
 
 
Այլ թեմաներ «Փողեր՝ Աշխարհ» խորագրում
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC