Հարկային օրենքների փոփոխությունը հաստատվեց
Խոշոր ընկերություններում կներդրվեն հարկային ներկայացուցիչներ
ԱրմԻնֆո
|
| Ազգային ժողովը երեկ վերջնական, երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ է կատարել հարկային օրենքների վերաբերյալ փաթեթում։ |
Ազգային ժողովը երեկ վերջնական, երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ է կատարել հարկային օրենքների վերաբերյալ փաթեթում՝ կապված խոշոր ընկերություններում հարկային մարմինների ներկայացուցիչների ինստիտուտի ներդրման հետ:
Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, խոսքն այնպիսի օրենքներում կատարվող փոփոխությունների մասին է, ինչպիսիք են՝ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգիրքը, «Ակցիզային հարկի մասին», «Հարկերի մասին», «Շահութահարկի մասին» և «Ավելացած արժեքի մասին» օրենքները:
Փաթեթով նախատեսված է, որ խոշոր ընկերություններում հարկային մարմինների ներկայացուցիչը կստանա արտադրության բաց թողնված ծավալները, ինչպես նաև բացթողնման գները և իրացման հետ կապված փաստաթղթերը ստուգելու իրավունք:
Այսպիսով, հարկային տեսուչն արտադրության գործընթացին չի խառնվում, նրան անհայտ են մնում և՛ ընկերության, և՛ նրա արտադրության գաղտնիքները:
Նույնը վերաբերում է նաև ակցիզային հարկի կիրառման ռեժիմին: Հարկային տեսուչն ակցիզային հարկմանը վերաբերող գները և փաստաթղթերը կվերահսկի միայն ակցիզային պահեստում: Կանոնակարգված է նաև այն ընկերությունների ցանկը, որտեղ կարող է ներկա գտնվել հարկային տեսուչը:
Այսպես, օրենքից հանված է հարկային մարմինների ներկայացուցիչների ներկայության մասին դրույթն այն ընկերություններում, որոնք ունեն 500 և ավելի աշխատողներ, ինչպես նաև այն ընկերություններում, որոնք աշխատում են Դ50 մլն և ավելի վնասով:
Մինչ այժմ գործող օրենքով նախատեսված էր, որ ընկերության ծախսերը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում, երբ փոքրանում է հարկման բազան, կիրառվում էին տույժեր: Նոր փաթեթով այդ դաշտը ինչպես փոքր, այնպես էլ խոշոր կազմակերպությունների համար որոշակիորեն մեղմացված է:
Նրանց համար նախատեսված է, որ ծախսերը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում, երբ միանգամյա ծախսերը չեն գերազանցում Դ300 հազ-ը, իսկ ամսվա կտրվածքով՝ Դ3 մլն-ը, շահութահարկի շրջանակներում այդ ծախսերը որպես ծախսեր չեն ընդունվում, և տույժեր չեն կիրառվում:
Այսպիսով, կառավարությունը մտադիր է թեթևացնել հարկային բեռը, ինչը բխում է հակաճգնաժամային միջոցառումների ծրագրից: Ավելին՝ իրավիճակը որոշակիորեն կթեթևանա նաև փոքր կազմակերպությունների համար, որոնք իրենց հաշվետվությունները հարկային մարմիններին էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու հնարավորություն կստանան՝ ազատվելով ամեն մի գործարքի մասին հաշվետվություն ներկայացնելուց:
Փաթեթի մյուս առանձնահատկություններից է նաև հարկային մարմիններին՝ խոշոր ընկերություններին հսկելու լրացուցիչ մեխանիզմներ տրամադրելը: Այդ մեխանիզմները հնարավորություն կտան ինչ-որ չափով օժանդակել խոշոր կազմակերպություններին՝ իրենց հարկային պարտավորությունները ճշտորեն կատարելու գործում:
«Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով նախատեսված է խստացնել հսկողությունն ալկոհոլի և ծխախոտի արտադրության և դրա ներկրման նկատմամբ:
Ընդ որում՝ կառավարությունը նպատակահարմար է գտել հսկողությունն ուժեղացնել օրենքներում կատարվող փոփոխությունների և լրացումների, այլ ոչ թե շուկայի նկատմամբ հսկողություն սահմանելու ճանապարհով: Դա հնարավորություն կտա հսկողություն իրականացնել ոչ միայն վաճառքի ծավալների, այլ նաև հայտարարված գների նկատմամբ:
Միաժամանակ, սահմանվում է, որ 1 լիտր ներկրված կամ արտադրված էթիլային սպիրտի համար ակցիզային հարկի տոկոսադրույքը կկազմի Դ3.5 հազ: Այդ առիթով փոփոխություններ ու լրացումներ են կատարվում նաև «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում:
«Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով առաջարկվում է խոշոր հարկատուների մոտ թույլատրել հարկային մարմինների ներկայացուցչի ներդրումը:
Այն խոշոր ընկերություններում, որոնց տարեկան շրջանառությունը գերազանցում է Դ4 մլրդ-ը, հարկային մարմինների ներկայացուցիչը ոչ թե ստուգումներ պետք է իրականացնի, այլ պետք է գրանցի ընկերությունում իրականացվող գործարքները և հարկային պարտավորությունների կատարման արժանահավատությունը:
Իրավախախտումների հայտնաբերման դեպքում տեսուչն իր դիտողություններն է ներկայացնելու ընկերության ղեկավարությանը, ինչը հնարավորություն կտա զերծ մնալ տույժերից: Ինչ վերաբերում է ԱԱՀ-ին, ապա այդ գործընթացը կիրականացվի Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային փոստի միջոցով, որտեղ կստեղծվի ԱԱՀ գործարքներով փոխադարձ հաշվարկներ իրականացնելու հնարավորություն: