Մասնագիտությունը՝ բլոգեր
Արևմտյան բլոգերները կարծում են, որ արդեն ազդել են համաշխարհային քաղաքականության վրա, հերթն այժմ բիզնեսինն է

Կապիտալ
Բլոգերները վստահ են, որ քաղաքականությունն ու տեխնոլոգիաներն ապագայում էլ կմնան իրենց ազդեցության հիմնական ոլորտը։
Բլոգերները վստահ են, որ քաղաքականությունն ու տեխնոլոգիաներն ապագայում էլ կմնան իրենց ազդեցության հիմնական ոլորտը։

Technorati բլոգ ծառայությունը հրապարակել է «Բլոգոսֆերայի վիճակն» ամենամյա ուսումնասիրության վերջին մասը: Սոցիոլոգների օգնությամբ կայքը հարցում է անցկացրել 3000 բլոգերների շրջանում (նրանց շուրջ 50%-ն ԱՄՆ-ից է) և  շատ բան է պարզել նրանց հակումների ու գումար աշխատելու մեթոդների մասին:

Այս անգամ ուսումնասիրությունը կենտրոնացել է «պրոֆեսիոնալ» բլոգերների վրա՝ նրանց, ովքեր եկամուտ են ստանում իրենց բլոգից, օգտագործում են այն բիզնես նպատակներով կամ իրենց կարիերայի աճի համար:

Բլոգերների սոցիալական կարգավիճակը, ըստ Technorati ծառայության, շարունակում է բարձրանալ: Հարցման մասնակիցների երկու երրորդը տղամարդիկ են, 60%-ը՝ 18-44 տարեկան: Հարցվածների տարեկան եկամուտը գերազանցում է $100 000-ը:

Technorati-ի թերևս կարևորագույն բացահայտումը բլոգերության ֆինանսական կողմի նկարագրությունն է: Հարցվածների 72%-ն այս զբաղմունքը դիտում է որպես հոբբի, մինչդեռ 28%-ը դրանից ինչ-որ օգուտ է ակնկալում:

Մինչ հարցման մասնակիցների 15%-ի համար բլոգը եկամտի լրացուցիչ աղբյուր է, 9%-ի համար դա հիմնական աշխատանք է կամ բիզնեսի անքակտելի մաս: 4%-ը  պրոֆեսիոնալ բլոգերներ են, որոնք գրում են իրենց գործատուի համար:

Մարդկանց մոտ 40%-ը, որոնց համար բլոգը եկամտի աղբյուր է, գումար է աշխատում գովազդներից: Միջին գովազդային եկամուտները կազմում են տարեկան $42 հազար: Այն մարդիկ, որոնց համար բլոգը միայն եկամտի լրացուցիչ աղբյուր է, տարեկան գովազդից միջինը $14 հազար են ստանում: Փոխարենը՝ նրանց մոտ, ում համար բլոգը հիմնական աշխատանք է և բիզնեսի մաս, այս ցուցանիշը կազմում է $122 հազար: Արևմուտքում պրոֆեսիոնալ լրագրողների մեծ մասը այսպիսի խոշոր եկամուտների մասին չի էլ երազում:

Սակայն բլոգերների մոտ գովազդի մոդելի վրա հիմնված ավանդական լրատվամիջոցներում աշխատանքի փորձի բացակայությունը սովորաբար վատ է անդրադառնում նրանց եկամուտների վրա:

Գովազդային եկամուտների ներուժն իրականում ավելի մեծ է. բլոգերների 70%-ը, այսպես թե այնպես, գրում է տարբեր ապրանքների և ապրանքանիշների մասին: Ու թեև թեմաների մեծ մասն անձնական խնդիրներ են (45%), փոքր չէ նաև տեխնոլոգիաների մասնաբաժինը (41%), որին հաջորդում են քաղաքականությունը (32%), նորությունները (30%), համակարգիչները (28%) և բիզնեսը (25%): Բոլոր այս ոլորտները գովազդ բերելու մեծ ներուժ ունեն:

Սակայն այստեղ սկսվում են խնդիրներ, որոնք, օրինակ, խանգարում են սոցիալական կայքերի շահութաբերությանը. բլոգների հեղինակները և ցանցերի օգտատերերը գովազդին այնպես չեն վերաբերվում, ինչպես լրատվամիջոցները:

Բլոգերների մեծ մասը վախենում է գովազդից: Նրանց 46%-ը խուսափում է գովազդ տեղադրելուց, քանի որ չի ուզում իր տեղադրած նյութերը խեղդել հայտարարությունների մեջ: 28%-ը մտավախություն ունի, որ իրեն կարող են անկողմնակալ կամ անվստահելի համարել:

Բայց նրանք էլ, ովքեր պատրաստ են գովազդից փող աշխատել, շատ խիստ են մոտենում դրա բովանդակությանը. 54%-ի համար շատ կարևոր է, որ գովազդը համապատասխանի իր արժեքներին:

Ուղղակի գովազդի նկատմամբ անվստահությունը, սակայն, փոխհատուցում են փող աշխատելու այլ գործիքները, որոնք ավելի ողջունելի են բլոգերների համար:

Բլոգերների 24%-ը, որ բլոգն օգտագործում է կոմերցիոն նպատակներով, եկամուտ է ստացել՝ ելույթ ունենալով տարբեր ոլորտներին նվիրված միջոցառումներում, 17%-ը՝ տպագիր մամուլում հրապարակումներից: Ոմանց վճարել են այս կամ այն ապրանքի մասին իր կարծիքը հայտնելու, կլոր սեղաններին մասնակցելու և ուղիղ եթերում ելույթ ունենալու համար:

Թեև գործարար բլոգերների 56%-ն առայժմ այս եղանակով գումար չի վաստակում՝ ապավինելով միայն գովազդին, այսպիսի մեթոդներն ավելի ու ավելի պոպուլյար են դառնում:

Անուղղակի գովազդի շուկան, սակայն, վտանգված է իշխանությունների նոր նախաձեռնությունների պատճառով: Բլոգերներից պահանջում են խոստովանել՝ արդյոք իրենք գումար են ստացել իրենց բլոգներում տեղադրված նյութերում որևէ ապրանք, ծառայություն կամ բրենդ գովազդելու համար:

Այսօր վճարովի նյութերը պոպուլյար են այն պատճառով, որ ընթերցողների համար դժվար է սահմանազատել գովազդը հեղինակի անձնական կարծիքից: Եթե վերահսկիչ մարմիններն սկսեն խստորեն ստուգել բլոգները, ապա բլոգերներն ստիպված կլինեն հրաժարվել այդպիսի եկամուտների մի մասից՝ փոխարինելով դրանք այլ աղբյուրներով:

Բլոգները, իհարկե, օգտագործվում են նաև որպես կոմերցիոն արտադրանքը առաջ մղելու միջոց: Ընկերությունների 71%-ը վստահեցնում է, որ ոլորտում իր դիրքերն ամրապնդել է բլոգների շնորհիվ, իսկ 63%-ը բլոգներում հաջողությամբ գովազդել է իր ապրանքներն ու ծառայությունները:

Technorati-ն հարցում է անցկացրել հիմնականում ակտիվ բլոգերների շրջանում: Հարցման մասնակիցներից յուրաքանչյուրը միջինը 3-4 բլոգ է վարում: Ընդ որում՝ մեծ մասի համար դա ակներևաբար կողմնակի զբաղմունք է: 27%-ը բլոգների վրա շաբաթական միջինը 1-3 ժամ է ծախսում, 26%-ը՝ մեկ ժամից էլ քիչ: Հարցվածների կեսը բլոգը թարմացնում է շաբաթական 1-3 անգամ:

Բլոգերների 35%-ը նախկինում աշխատել է, 27%-ն այսօր էլ շարունակում է աշխատել ավանդական լրատվամիջոցներում: Մյուս բլոգերները ոչ միայն ավանդական լրատվամիջոցներում աշխատելու փորձ չունեն, այլև չեն հետաքրքրվում դրանցով:

Ընդ որում՝ զանգվածային լրատվամիջոցներն ավելի շատ են հետաքրքրվում բլոգներով, քան բլոգերները՝ ԶԼՄ-ների արտադրանքով: Հարցմանը մասնակցած բլոգերների 38%-ին առնվազն մեկ անգամ վկայակոչել են ավանդական լրատվամիջոցները:

Հարցմանը մասնակցած բլոգերների 73%-ն օգտագործում է Twitter: Նրանց 69%-ը խոստովանում է, որ Twitter-ն առաջին հերթին իրենց հիմնական բլոգը առաջ մղելու միջոց է:

Վերջապես, Technorati-ն հարցրել է բլոգերներից, թե, իրենց կարծիքով, ամենաշատը որ ոլորտներում է առկա իրենց ազդեցությունը:

57%-ը կարծում է, որ բլոգոսֆերան առաջին հերթին ազդում է քաղաքական կյանքի, 44%-ը՝ տեխնոլոգիական ոլորտի, 35%-ը՝ աստղերի կյանքի և նրանց մասին լուրերի տարածման վրա: Հարցվածների միայն 20%-ն է կարծում, որ բլոգներն ամենաշատն ազդում են բիզնեսի վրա:

Բլոգերները վստահ են, որ քաղաքականությունն ու տեխնոլոգիաներն ապագայում էլ կմնան իրենց ազդեցության հիմնական ոլորտը, սակայն մոտ ապագայում առաջին պլան կմղվեն բիզնես շահերը:



 
 
 
 
Այլ թեմաներ «Փողեր՝ Աշխարհ» խորագրում
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC