Ապրանքանիշը՝ անազնիվ խաղի միջոց
Լիտվայում դրա դեմ լրջորեն են պայքարում
Կապիտալ
|
| Վերջին շրջանում Հայաստանում թափ է հավաքում անբարեխիղճ մրցակցության նոր տեսակ՝ այլոց ապրանքանիշների գրանցումը: |
Վերջին շրջանում Հայաստանում թափ է հավաքում անբարեխիղճ մրցակցության նոր տեսակ՝ այլոց ապրանքանիշների գրանցումը: Իմաստը հետևյալն է՝ ընկերությունը ապրանքանիշ է գրանցում ոչ թե արտադրություն կազմակերպելու, այլ շուկայում մրցակիցներին նեղելու համար՝ թույլ չտալով, որ իր կողմից գրանցված ապրանքանիշը շուկա մուտք գործի:
Սակայն այս երևույթը զուտ հայկական ֆենոմեն չէ, դրան բախվել են բոլոր այն երկրները, որոնք փորձել են բրենդի պաշտպանության մեխանիզմներ իրականացնել: Հատկապես հետխորհրդային երկրներում նորահայտ ընկերություններն ինքնահաստատման յուրօրինակ միջոց են օգտագործում՝ գրանցում են այլ երկրներում հայտնի բրենդները:
Սակայն, ի տարբերություն Հայաստանի, հետխորհրդային պետություններից շատերում լուրջ պայքար են մղում ապրանքանիշների գրանցման միջոցով անբարեխիղճ մրցակցության փաստերի դեմ, որոնք կարող են օգտակար լինել նաև Հայաստանի համար:
Ստորև ներկայացնում ենք լիտվացի հեղինակ Լինա Գուստայտեի հոդվածը՝ Լիտվայի փորձի վերաբերյալ, որը հրապարակվել է անգլերեն www.mondaq.com հասցեում (Lina Gustaite, Aspects of Unfair Competition in the Field of Trademark Registration):
Ապրանքանշանների մասին՝ Լիտվայի Հանրապետության առաջին օրենքն ուժի մեջ է մտել 1993թ.: Այս օրենքի դրույթները հնարավորություն չէին տալիս անազնիվ նպատակով ապրանքանշանների գրանցումը վիճարկել Պետական արտոնագրային բյուրոյում:
Անարդար մրցակցության զոհ դարձած գործարարներն իրենց իրավունքները կարող էին պաշտպանել միայն Արդյունաբերական սեփականության պաշտպանության՝ Փարիզի կոնվենցիայի հիման վրա, որին Լիտվան միացել էր 1994թ., և դատարանում՝ «Անարդար մրցակցության մասին» օրենքի հիման վրա:
Այդ ժամանակաշրջանում և այսօր էլ (ներկայում ավելի հազվադեպ) հաճախ գործարարներն ուզում են ապրանքանշաններ գրանցել՝ ունենալով անազնիվ մտադրություններ, օրինակ՝ ձգտելով թույլ չտալ, որ մյուս սուբյեկտներն օգտագործեն իրենց սեփական ապրանքանշանները, մենաշնորհացնել շուկան, սահմանափակել ներմուծումը, վաճառել ապրանքանշանը և այլն:
Այս դեպքերի մեծ մասում վեճը հարթվել է բանակցությունների միջոցով. դիմորդը հետ է վերցրել իր դիմումը կամ իր իրավունքները փոխանցել իսկական սեփականատիրոջը: Բայց հաճախ պատահել է այնպես, որ իսկական սեփականատերը ստիպված է եղել գնել իր սեփական ապրանքանշանը, քանի որ դատական գործընթացը չափից դուրս ժամանակատար էր, անարդար մրցակցության մասին օրենսդրությունն ու նորմերը՝ խիստ անորոշ:
Լիտվայի Հանրապետության «Անարդար մրցակցության մասին» օրենքով (Հոդված 16.1) ձեռնարկություններին արգելվում է իրականացնել որևէ գործունեություն, որը հակասում է ազնիվ բիզնեսի կանոններին, ներառյալ՝ գրանցված կամ չգրանցված ճանաչված ապրանքանիշի հետ նույնանուն կամ համանուն ապրանքանշանի չարտոնված օգտագործումը, եթե այն կարող է շփոթվել տվյալ ապրանքանշանի հետ կամ նպատակ ունի անազնվորեն իր օգտին ծառայեցնել տվյալ ապրանքանշանի հեղինակությունը կամ վնաս հասցնել այդ ապրանքանշանի հեղինակությանը:
Այս ձևակերպման մեկնաբանման հետ կապված շատ կարևոր հարց է առաջանում՝ արդյո՞ք անարդար մրցակցություն է համարվում այն ապրանքանշանի գրանցումը, որն իրականում չի օգտագործվում: Չէ՞ որ օրենքի այս դրույթն արգելում է ապրանքանշանի միայն չարտոնված օգտագործումը: Այս հարցը երկար ժամանակ բաց էր մնում, և միայն 2002թ. դատարանը հնարավորություն ունեցավ որոշում կայացնել այդպիսի մի դեպքի առնչությամբ` Stada Arzneimittel AG-ն ընդդեմ Nestra Limited-ի:
Գործի քննությունը հաստատել էր, որ Stada Arzneimittel AG ընկերությունը ստեղծել ու արտադրել է Pfeil Zahnschmerz-Tabletten դեղամիջոցը, որը Գերմանիայում օգտագործվում էր 1989-ից: Բայց Լիտվայում ընկերությունն այս ապրանքանիշի գրանցման համար դիմել էր միայն 1998թ. հունիսի 16-ին:
Միաժամանակ, 1998թ. հունիսի 3-ին Nestra Limited ընկերությունը դիմում էր ներկայացրել նույնանուն Pfeil Zahnschmerz-Tabletten ապրանքանշանը գրանցելու համար: Չնայած փաստին, որ այն պահին, երբ Nestra Limited-ը ներկայացրել էր իր դիմումը, երկրում գրանցված չէր որևէ նույնանուն կամ համանուն ապրանքանշան, ոչ էլ որևէ նույնանուն կամ համանուն դեղամիջոց, դատարանը եզրակացրեց, որ Nestra Limited-ի գործողությունները հակասում են ազնիվ գործարարության կանոններին և պետք է անազնիվ մրցակցություն համարվեն:
Դատարանի վճիռն այսպիսին էր՝ Nestra Limited-ը այլ սուբյեկտի արտադրանքի անունը գրանցել է որպես իր սեփականը՝ նպատակ ունենալով թույլ չտալ Stada Arzneimittel AG-ին օգտագործել իր ապրանքանշանը Լիտվայի շուկայում և բարդացնել այս դեղամիջոցի դիստրիբուցիան Լիտվայում:
Այս որոշումը դատարանը բացատրեց փաստով, որ Nestra Limited-ը չի ներկայացրել բավարար չափով ապացույցներ այն մասին, որ գրանցման դիմումը ներկայացնելիս ընկերությունը նպատակ է ունեցել օգտագործել ապրանքանշանը իր տնտեսական գործունեությունն իրականացնելիս:
Նմանատիպ մեկ այլ դեպք էր Merand ընկերության հայցն ընդդեմ Opra ընկերության: Այս անգամ վեճը Икра лососевая зернистая ապրանքանիշով կարմիր խավիարի շուրջ էր: Դատարանը որոշեց, որ Opra ընկերությունն անազնիվ մրցակցություն էր իրականացրել՝ գրանցելով մի ապրանքանշան, որը բազմաթիվ այլ ընկերություններ ներմուծում էին Լիտվա: Opra-ի գործողությունները դատարանը համարեց շուկայում մենաշնորհ հաստատելու փորձ:
Այսպիսով՝ անարդար մրցակցության առկայության մասին որոշում ընդունելիս դատարանը հաշվի է առնում մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ գրանցողի մտադրությունները, ապրանքանշանի ստեղծման պատմությունը, ով է առաջին անգամ օգտագործել այն և այլն:
2002թ. հունվարի 1-ից, երբ ուժի մեջ մտավ «Ապրանքանշանների մասին» Լիտվայի Հանրապետության նոր օրենքը, իրենց ապրանքանշանների անազնիվ գրանցման հետևանքով տուժած ձեռներեցները նոր իրավական գործիք ստացան ապրանքանշանների ապօրինի գրանցումների դեմ պայքարելու համար։
Այժմ նրանք կարող են բողոք ներկայացնել Պետական արտոնագրային բյուրոյի Վերաքննիչ խորհրդին՝ ուղղակիորեն ելնելով «Ապրանքանշանների մասին» օրենքի դրույթներից: Օրենքը թույլ է տալիս անվավեր ճանաչել ապրանքանշանի գրանցումը, եթե ակնհայտ է, որ այն իրականացվել է անբարեխիղճ մրցակցության նկատառումով: Սա ձեռնտու է ապրանքանշանների սեփականատերերին, քանի որ հնարավորություն է տալիս դատական ընթացակարգերի վրա գումար և ժամանակ խնայել:
«Անբարեխիղճ» ձևակերպումը բավական լայն հասկացություն է և կախված է կոնկրետ դեպքի հանգամանքներից: Հիմնվելով դատական որոշումների նախադեպերի վրա՝ կարելի է փաստել, որ «անբարեխիղճ» մրցակցության վկայություններ կարող են և պետք է համարվեն հետևյալ փաստերը:
- բազմաթիվ ապրանքանշանների գրանցումը, որոնք բոլորը նույնանում կամ նման են այլոց ապրանքանշաններին;
- ապրանքանշանների գրանցումն առանց դրանք օգտագործելու իրական մտադրության;
- ապրանքանշանների գրանցումը շուկան մենաշնորհելու նպատակով;
- գրանցված ապրանքանշանների վաճառքը կամ վաճառքի առաջարկը և այլն:
«Ապրանքանշանների մասին» օրենքի վերջին փոփոխությունները, անարդար մրցակցության մասին օրենսդրության և Փարիզի կոնվենցիայի լայն կիրառությունը, ինչպես նաև դատական պրակտիկան,- այս բոլորը ապրանքանշանների սեփականատերերին հնարավորություն են տալիս արդյունավետ կերպով պայքարել իրենց ապրանքանշաններն անազնիվ նպատակներով գրանցող սուբյեկտների դեմ: