Նիկոլ Փաշինյանը փորձում է հասկանալ՝ ինչո՞ւ են իրեն դատում
Դատարանը չհստակեցրեց մեղադրանքը
Ժաննա Ալեքսանյան
|
| Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ ժամ փորձում էր դատարանից պարզաբանում ստանալ, թե կոնկրետ ի՞նչ հանցանք է ինքը գործել, և ինչում են իրեն մեղադրում։ |
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվող դատաքննության ընթացքում Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ ժամ փորձում էր դատարանից պարզաբանում ստանալ, թե կոնկրետ ի՞նչ հանցանք է ինքը գործել, և ինչում են իրեն մեղադրում, սակայն այդպես էլ որևէ պատասխան չստացավ:
Նախորդ դատական նիստում, երբ մեղադրող Կորյուն Փիլոյանը հրապարակել էր մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, «Հայկական ժամանակի» խմբագիրը ժամանակ էր խնդրել մեղադրանքի նկատմամբ իր դիրքորոշումը հստակեցնելու համար:
«Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Սուրեն Սիրունյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Շանթ Հարությունյանը և մյուսները....»,- Փաշինյանը նախ մի հատված ընթերցեց մեղադրական եզրակացությունից, ապա նկատեց, որ մեղադրանքն այնքան ընդհանրական է, որ չի կարողանում հասկանալ, թե կոնկրետ ինչո՞ւմ են իրեն մեղադրում, կամ ովքե՞ր են «մյուսները»:
«Ուզում եմ հասկանալ՝ ի՞նձ եք դատում, թե՞ մյուսներին»,- ասում էր Փաշինյանը:
Դատավորը համբերատար բացատրում էր, որ նախորդ նիստում ինքն արդեն պարզաբանել է, սակայն Փաշինյանը ընթերցում էր քրեական դատավարության օրենսգրքի պահանջը, համաձայն որի՝ դատարանը պարտավոր է հիմնավորել և մատնանշել «կոնկրետ անձի կողմից կատարված, օրենքով չթույլատրված կոնկրետ արարք»: «Եթե դուք գիտեք, ինձ էլ ասեք»,- համառում էր Փաշինյանը:
Շարունակելով ընթերցել հատվածներ մեղադրանքից՝ ՀՀ-ում դժգոհություն առաջացնելու, սադրիչ ելույթներ ունենալու, անհնազանդության կոչեր անելու, ուժ գործադրելու պատրաստակամություն հայտնելու մասին՝ Փաշինյանը հարցնում էր. «Սա իրավակա՞ն փաստաթուղթ է, թե՞ դիմորդի գրած ազատ շարադրություն»:
Փաստաբան Լուսինե Սահակյանը նույնպես պահանջեց հստակեցնել մեղադրանքը և խնդրեց մանրամասնել, թե 2008թ. մարտի 1-ին ի՞նչ խմբերի է բաժանվել զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, արդյոք դա բաժանել է Ն. Փաշինյա՞նը, կոնկրետ ո՞ւմ գործողություններից է տասը մարդ զոհվել և այլն:
Ըստ պաշտպանի՝ եթե այդ ամբողջը կատարել է Նիկոլ Փաշինյանը, ինչո՞ւ նրա դեմ հարուցված քրեական գործում ներգրավված չեն տուժողներ՝ տասը զոհերի իրավահաջորդները, գործում նշված 178 հոգին, որոնք մարտի 1-2-ի իրադարձությունների հետևանքով ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և այլն: Պաշտպանական կողմը հիշյալ հարցերի կապակցությամբ նույնպես պարզաբանումներ չստացավ:
Այնուհետև դատարանն անցավ ապացույցների հետազոտման կարգը սահմանելուն, ըստ որի՝ նախ կհարցաքննվեն տուժողներն ու վկաները (սկսած 2007-ի հոկտեմբերի 23-ի միջադեպից մինչև մարտմեկյան իրադարձությունների վկաները), ապա կհետազոտվեն գործում եղած փաստաթղթերը, ու կհարցաքննվի Նիկոլ Փաշինյանը:
Երեկ արդեն իսկ հարցաքննվեց տուժող ճանաչված, ոստիկանության աշխատակից Վազգեն Դաբաղյանը, որը, ըստ նախաքննական մարմնի, տուժվել էր 2007թ. հոկտեմբերի 23-ին Աբովյան-Կորյուն խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի պատճառով:
Հիշեցնենք, որ այդ օրը Փաշինյանն իր համախոհների հետ իրազեկում էր գալիք երթի մասին, որի ընթացքում էլ վիճաբանություն էր ծագել ոստիկանների հետ, և նա բերման էր ենթարկվել ոստիկանության բաժանմունք: