Անվճար նորություններին հաշված օրեր են մնացել
Մերդոկը միակ մարդն է, ով հավատում է վճարովի օնլայն նորությունների ապագային
Կապիտալ
|
| Ռ. Մերդոկ. «Ամերիկյան շուկաներն այսօր շատ ավելի լավ վիճակում են, քան չորս ամիս առաջ»: |
Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը Wall Street Journal-ի կազմակերպած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ավանդական թերթերի և հեռուստատեսային գովազդի շուկան կրկին ոտքի է կանգնում: Առայժմ, իհարկե, խոսքն ԱՄՆ շուկայի մասին է:
«Ամերիկյան շուկաներն այսօր շատ ավելի լավ վիճակում են, քան չորս ամիս առաջ»,- հայտարարել է մեդիամագնատը:
Լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ գովազդն ինտերնետից սկսի վերադառնալ տպագիր թերթերին, Մերդոկը պատասխանել է. «Այո՛, մենք դրա օրինակը տեսնում ենք Ավստրալիայում և ԱՄՆ-ում: Այդուհանդերձ, հեռուստատեսությունն է շարունակում մնալ գովազդի ամենաազդեցիկ միջոցը»:
News Corp.-ի ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անհրաժեշտ է ինտերնետ-գովազդի և անվճար օնլայն նորությունների տարածման հետ կապված խնդիրների լուծման ռազմավարություն մշակել: Մերդոկը բազմիցս ասել է, որ էլեկտրոնային լրատվամիջոցների ընթերցողները ապագայում ստիպված կլինեն վճարել ինտերնետում նորություններ կարդալու համար: Նրա խոսքով՝ «անվճար օնլայն-նորություններին հաշված օրեր են մնացել»:
Մեդիակայսրության ղեկավարը կանխատեսում է, որ թերթերը կսկսեն բաժանորդագրություն վաճառել համացանցում: Ի դեպ, Wall Street Journal-ը Մերդոկին պատկանող առայժմ միակ թերթն է, որն առաջարկում է վճարովի օնլայն նորություններ:
Փորձագետների կարծիքով՝ թերթին առայժմ հաջողվում է վաճառել իր ինտերնետային նորությունները միայն այն բանի հաշվին, որ այն ֆինանսական նորություններ տրամադրողի կարգավիճակ ունի:
Մերդոկը, սակայն, շարունակում է փորձարարությամբ զբաղվել՝ ձգտելով գտնել եկամուտի նոր աղբյուրներ, քանի որ մեդիակորպորացիայի գործերն այնքան էլ լավ չեն: Չորրորդ բյուջետային եռամսյակում, որն ավարտվել է հունիսի 30-ին, News Corp.-ն ունեցել է $203 մլն-ի կորուստ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում $1,1 մլրդ-ի շահույթ էր ստացել: