Խորհրդարանական լսումները կայացան
Նալբանդյանը պատասխանեց հարցերին

Արփի Մախսուդյան
«Մեր խնդիրն այսօր ոչ թե մոտեցումների հակադրումն է և տարբեր նժարների վրա դնելը, այլ դրանց համադրումն է՝ շարժվելու համար առաջ»,- նշել է Է. Նալբանդյանը։
«Մեր խնդիրն այսօր ոչ թե մոտեցումների հակադրումն է և տարբեր նժարների վրա դնելը, այլ դրանց համադրումն է՝ շարժվելու համար առաջ»,- նշել է Է. Նալբանդյանը։

Երեկ Հայաստանի Ազգային ժողովը կազմակերպել էր «Նախաստորագրված արձանագրությունները և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» խորհրդարանական լսումներ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ և պատասխանեց պատգամավորների և ներկաների հարցերին:

«Վստահ եմ, որ շատ-շատերը կիսում են և ողջունում են Հայաստանի նախագահի նախաձեռնությունները, մոտեցումները, մյուսները՝ հայտնում մտահոգություններ: Մի մասն էլ՝ մեղադրում: Մեր խնդիրն այսօր ոչ թե մոտեցումների հակադրումն է և տարբեր նժարների վրա դնելը, այլ դրանց համադրումն է՝ շարժվելու համար առաջ....

Հետևաբար, ընդհանրացնելով հասարակության լայն զանգվածներին հուզող առավել հնչեղություն ունեցող հարցադրումները, այս ամբիոնից ևս մեկ անգամ պատասխանում եմ հնչած մտահոգություններին և անգամ մեղադրանքներին:

Արդյո՞ք առկա են նախապայմաններ: Ո՛չ և մեկ անգամ ևս ոչ: Կասկածի տա՞կ ենք առնում Հայոց ցեղասպանության փաստը, խոչընդոտում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմա՞նը: Ո՛չ և մեկ անգամ ևս ո՛չ:

Գոյություն  ունի՞ կապ նախաստորագրված փաստաթղթերի և Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի միջև: Ո՛չ և մեկ անգամ ևս ո՛չ»,- ասաց արտգործնախարարը:

Նա պատասխանեց ներկաների հարցերին:

Հարց. Ո՞ր կողմն է նախաձեռնել այս գործընթացը՝ Հայաստա՞նը, Թուրքիա՞ն, թե՞ երրորդ մի երկիր: Ո՞վ է նախապատրաստել արձանագրությունների նախագծերը:

Պատասխան. Գաղտնիք չեմ ասի, եթե ասեմ, որ այս գործընթացը նախաձեռնել է ՀՀ նախագահը՝ հրավիրելով Թուրքիայի նախագահին Հայաստան գալ՝ դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը: Հայաստանն է պարզել ձեռքը, և եթե Թուրքիան չգար, այնպիսի վիճակի մեջ կընկներ, որ ողջ միջազգային հանրությունը չի հասկանա նրա քայլը: Իսկ թե ով է պատրաստել արձանագրությունների նախագծերը, ապա այս պարագայում դարձյալ թերահավատության դրսևորում է:

Թերահավատորեն մտածում են, որ այն գրվել է Վաշինգտոնում կամ Լոնդոնում, Փարիզում, չգիտեմ, այլ քաղաքներում և մեզ պարտադրվել է: Միշտ կա թերահավատություն, որ մենք կարող ենք ինչ-որ բան նախաձեռնել:

Այս բանակցությունները երբ որ սկսեցին, մենք թուրքական կողմի հետ սկսեցինք հետևյալ հարցադրումով, որ եթե դուք սպասում եք, թե հայկական կողմը կհրաժարվի Ցեղասպանության ճանաչման գործընթացից և հարցականի տակ կդնի Ցեղասպանության իրողությունը, ապա կարող ենք ընդհանրապես չսկսել այս բանակցությունները:

Եթե դուք սպասում եք, որ մենք պետք է կապենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ, ապա եկեք չսկսենք այս գործընթացը:

Բայց եթե դուք պատրաստ եք առանց նախապայմանների սկսել այս գործընթացը, այն ժամանակ կարող ենք սկսել լուրջ քննարկումներ: Եվ թուրքական կողմը հայտնեց իր՝ առանց նախապայմանների բանակցություններ սկսելու պատրաստակամությունը:

Պետք է հասկանալ  նաև, որ սա բանակցություն է, իսկ բանակցությունների ընթացքում ամեն կողմ պետք է փորձի գալ այնպիսի մի փաստաթղթի, որտեղ իր դիրքորոշումն  ավելի պաշտպանված է:

Հարց. Էրդողանի հայտարարություններն արդեն խախտել են նախաստորագրված արձանագրությունները: Ինչո՞ւ հայկական կողմը համապատասխան քայլեր չի ձեռնարկում:

Պատասխան. Այս կապակցությամբ ՀՀ նախագահը և արտգործնախարարը արել են համապատասխան հայտարարություն:

Հարց. Չե՞ք կարծում, որ այս գործընթացի հետևանքով վերջին շրջանում չի եղել Ցեղասպանության ճանաչում:

Պատասխան. Ասեմ, որ 2007թ. հուլիսից մինչև 2008թ. հունիս Ցեղասպանության ճանաչում նույնպես չի եղել, և այն ժամանակ չկար գործընթաց: Դա ինչո՞վ եք բացատրում: Հիշեցնեմ, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը հատկապես ուժ է ստացել անկախությունից հետո: Այս իմաստով հարիր չէ սեփականաշնորհել Ցեղասպանության ճանաչման գործընթացը: Սա ազգային խնդիր է, և չենք կարող ասել, թե մեկը պաշտպանում է, մյուսը՝ ոչ:

Հարց. Արդյոք ՀՀ իշխանություններն այս արձանագրություններով չե՞ն հրաժարվում պատմական Հայաստանի տարածքներից:

Պատասխան. Պատմական տարածքներ հանձնելու մեղադրանք են կոմունիստները հասցեագրել Դաշնակցությանը, հետո այդ նույն մեղադրանքը հասցեագրվեցին և՛ կոմունիստներին, և՛ դաշնակներին: Եղավ ժամանակ, որ այդ մեղադրանքը հասցեագրեցին Հայաստանի անկախացած պետության առաջին իշխանություններին: Ժամանակն է ազատվել համազգային խնդիրները ներքաղաքական նպատակով շահարկելու քաղաքական վարքագծից և սկսել երկխոսություն՝ ուղղված ազգային կարևոր խնդիրների լուծմանը:



 
 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC