Կախաղան՝ Ազգային ժողովում
Քննարկումները դուրս եկան քննարկումների սահմանից
Արփի Մախսուդյան
|
| Երեկ Հայաստանի Ազգային ժողովը կազմակերպել էր «Նախաստորագրված արձանագրությունները և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումներ: |
Երեկ Հայաստանի Ազգային ժողովը կազմակերպել էր «Նախաստորագրված արձանագրությունները և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումներ: Լսումներին, ինչպես և սպասվում էր, եկել էր ԱԺ պատգամավորների 2/3-ը, փոխարենը մեծ էր մտավորականների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների թիվը, որոնցից շատերն ամբիոնից խոսելու հնարավորություն չստացան և դահլիճից հեռացան վրդովված:
Վրդովված էին ոչ միայն մտավորականները... Օրինակ՝ ՀՀԿ խմբակցությունից պատգամավոր Կարեն Ավագյանը վրդովվում, որ դահլիճը ծափահարում էր այն բանախոսներին, որոնք քննադատում էին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները և դժգոհում, երբ ամբիոնից լսվում էին արձանագրությունները ֆետիշացնող հայտարարություններ:
«Ինձ մոտ տպավորություն է, որ ես ոչ թե Ազգային ժողով եմ եկել, այլ կրկես, քանի որ ամեն մի նոր կենդանու և նրա ցուցաբերած կրկեսային տրյուկից հետո ծափահարություններն ավելի են ուժեղանում: Մի՛ մոռացեք, ընկերներ, որ սա գործադիր մարմին է»,- ամբիոնից հայտարարեց Կ. Ավագյանը:
ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ Արմեն Ռուստամյանը, որը նախագահում էր լսումները, փորձեց հանգստացնել վրդովված դահլիճին, սակայն Ավագյանը ստիպված եղավ ելույթն ավարտել կիսադատարկ դահլիճում առանց ծափահարությունների։
Զարմանալի էր սակայն այն, որ լսումները նախագահողներից և պատգամավորներից որևէ մեկը չփորձեց նախատել Ավագյանին անպարկեշտ պահվածքի համար: Նախագահողներն այդ մասին հիշեցին միայն հասարակական կազմակերպություն ներկայացնող Էլեոնորա Մանանդյանի ելույթից հետո:
«Կարեն, դու դեռ պատասխան կտաս մարդկանց վիրավորելու համար.... Որտե՞ղ է այն երեսուն արծաթը, որով Ձեզ գնել են.... Խնդրում եմ, իսկ եթե դա չի օգնում, պահանջում եմ ազգիս ծառաներից, որ չկրկնեն պատմության սխալները և չդավաճանեն, սակայն եթե դա պատահի, ես ցույց եմ տալիս փրկության ուղին»,- ասաց Է. Մանանդյանը և խորհրդարանի ամբիոնին կախեց կախաղան հիշեցնող պարան:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը զայրացավ. «Ձեզ պիտի խնդրեմ, որ մի քիչ կոռեկտ լինեք և այս բարձր ամբիոնը հավուր պատշաճի օգտագործեք...., մենք հավաքվել ենք շատ կարևոր հարցի քննարկման համար, և հաղթողներ ու պարտվողներ փնտրելու անհրաժեշտություն չկա»: