Ո՞վ սկսեց
Եվրամիությունը որոշել է օգոստոսյան պատերազմի մեղավորներին
Պատրաստեց Սասուն Խաչատրյանը
|
| Օգոստոսյան պատերազմն սկսել են վրացիները, սակայն դրան էապես նպաստել են Ռուսաստանի գործողությունները: |
Ո՞վ սկսեց օգոստոսյան պատերազմը. վրացիները, սակայն ռուսները նույնպես մեղավոր են: Այսպիսին է Վրաստանում անցած տարվա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությամբ զբաղվող Եվրամիության հանձնաժողովի՝ նախօրեին հրապարակված զեկույցի եզրակացությունը:
Ինչպես և ակնկալվում էր, մեղադրանքը, փաստորեն, վերաբերում է երկու կողմերին. «օգոստոսյան պատերազմն սկսել են վրացիները, սակայն դրան էապես նպաստել են Ռուսաստանի գործողությունները»:
Ըստ զեկույցի՝ Հարավային Օսիայում ռուս խաղաղապահների վրա վրացական զորքի հարձակմանը Ռուսաստանի նախնական ռազմական պատասխանը պաշտպանության տեսանկյունից արդարացված էր, սակայն դրանից հետո ռուս զինվորականների գործողությունները համարժեք չէին:
Բացի դրանից՝ զեկույցում ասվում է, որ հակամարտության ընթացքում ինչպես վրացական, այնպես էլ ռուսական և հարավօսական զորքերը խախտել են միջազգային մարդասիրական իրավունքը:
Նշենք, որ զեկույցը նախատեսվում էր հրապարակել դեռ հուլիսին, սակայն հանձնաժողովն ինչ-ինչ պատճառներով այն հետաձգեց մինչև սեպտեմբերի վերջ: Փաստաթուղթը հրապարակելուց հետո ռուս և վրացի չինովնիկներն սկսել են զեկույցի դրույթներն իրենց օգտին մեկնաբանել:
««Ո՞վ է առաջինն սկսել» հարցին զեկույցում հստակ պատասխան է տրվում: Հենց Սաակաշվիլիի հրամանով Ցխինվալում օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը վրացական զորքի հարձակումն սկիզբ դրեց ռազմական գործողություններին»,- հայտարարել է Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:
ՌԴ պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևն իր հերթին հայտարարել է, որ առաջին անգամ զեկույցում սպառիչ կերպով ներկայացված են հակամարտության պատճառները: «Վրաստանի գործողությունները որպես չթույլատրված ագրեսիա են որակվել, իսկ Ռուսաստանի գործողությունները՝ որպես բացարձակ օրինական»,- ասել է նա:
Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն նշել է, որ Թբիլիսին ընդհանուր առմամբ գոհ է հանձնաժողովի եզրակացությունից, սակայն համաձայն չէ որոշ եզրահանգումներին: «Ինչպիսի զեկույց էլ որ այդ հանձնաժողովը հրապարակի, անհերքելի փաստ է, որ Վրաստանի տարածքն է օկուպացված Ռուսաստանի կողմից, ոչ թե հակառակը»,- «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերով ասել է Վաշաձեն:
Վերաինտեգրման հարցերով Վրաստանի պետնախարար Թեմուր Յակոբաշվիլին հայտարարել է, թե Թբիլիսին ընդհանուր առմամբ գոհ է զեկույցից:
«Փաստաթղթում ասվում է, որ Ցխինվալում պատերազմն սկսվել է օգոստոսի 7-ին, ոչ թե ավելի վաղ: Որևէ տեղ չի նշվում, որ պատերազմը Վրաստանն է սկսել: Գլխավոր փաստարկը՝ իբր վրացական կողմը հարձակվել է ՌԴ խաղապահների վրա, չի հաստատվում: Շատ կարևոր է նաև, որ փաստաթղթում նշվում է վրացական երկու գավառների անկախության ճանաչման անհիմն լինելու փաստը»,- ասել է Յակոբաշվիլին: