Պատմությունը կրկնվում է. ի՞նչ ընդհանրություն ունեն նրանք
Ահմադինեժադ - Հիտլեր, Չավես - Մուսոլինի, Կաստրո - Ստալին, Պուտին - Տոձիո, Օբամա - Չեմբեռլեն
Պատրաստեց Սասուն Խաչատրյանը
|
| Վլադիմիր Պուտինին The Washington Times-ը համեմատում է Ճապոնիայի ռազմական նախարար և վարչապետ Հիդեկի Տոձիոյի հետ: |
2009-ը 1939թ. կրկնությունն է: Այս մասին գրում է ամերիկյան The Washington Times-ը: «Այսօր շատ առաջնորդներ չափից ավելի նման են 1939թ. առաջնորդներին»,- գրում է թերթը:
Այսպես, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօրվա Հիտլերն է: Երկուսն էլ կարողանում են նկատել հակառակորդի թուլությունները և դրանք իրենց շահերին ծառայեցնել: Ժամանակակից Բենիտո Մուսոլինին Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն է՝ «բռնակալ-խեղկատակ»:
Ներկա պահին միջազգային թատերաբեմում Ստալիններ չկան, սակայն Ֆիդել և Ռաուլ Կաստրոները, հավանաբար, ընդունակ կլինեին զանգվածային հանցագործությունների, եթե իհարկե, նրանց երկիրն ավելի մեծ լիներ:
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին թերթը համեմատում է Ճապոնիայի ռազմական նախարար և վարչապետ Հիդեկի Տոձիոյի հետ:
«Տոձիոյի նման Պուտինը ֆաշիստական մոդելի է հետևում. ի տարբերություն ավանդական սոցիալիստների՝ նա շեշտը դնում է ավելի շուտ ոչ թե բիզնեսներ ունենալու, այլ դրանք վերահսկելու վրա: Տոձիոն հարձակվեց հարևանների վրա՝ հույս ունենալով, որ խոշոր տերություններն զբաղված են այլ խնդիրներով և կհանդուրժեն դա: Պուտինը նման կերպ վարվեց Վրաստանի պարագայում: Հնարավոր է՝ նա կարծում է, որ Ուկրաինա ներխուժելու դեպքում անպատիժ կմնա»,- գրում է թերթը:
Հոդվածագիրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային համեմատում է 1937-1940 թթ. Մեծ Բրիտանիայի վարչապետ Արթուր Նևիլ Չեմբեռլենի հետ: Հեղինակը վերջինիս նույնացնում է սիրաշահելու կործանարար քաղաքականության հետ:
Օբաման հապաղում է Աֆղանստանի խնդրում որոշում ընդունելու հարցում, խիստ պայմաններ չի դնում Իրանի առջև, իսկ Արևմտյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու վերաբերյալ Լեհաստանի հետ համաձայնագիրը չափազանց անշնորհք ձևով չեղարկեց:
«Եթե բռնակալները վախենում էին Ռոնալդ Ռեյգանից և Մարգարետ Թետչերից, և դրա շնորհիվ երկիրն անվտանգ էր, ապա այսօր հազիվ թե կարելի լինի ասել, որ Ահմադինեժադը, Չավեսը, Պուտինը և Կիմ Չեն Իրը վախենում են Բարաք Օբամայից, Գորդոն Բրաունից, Նիկոլա Սարկոզիից և Անգելա Մերկելից»,- եզրակացնում է հոդվածագիրը: