Յուշչենկոն այլընտրանք չունի
Նա ընտրել է անվտանգության համաեվրոպական համակարգը
Պատրաստեց Սասուն Խաչատրյանը
|
| «Տիկին Տիմոշենկոյի նպատակն է «Ռեգիոնների կուսակցության» հետ դաշինք կնքել»,- ասել է Վիկտոր Յուշչենկոն: |
«Ես կհաղթեմ ընտրություններում»,- ֆրանսիական Le Figaro-ին ասել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն: Նրա խոսքով՝ երեք ամսվա ընթացքում իր վարկանիշը երեք անգամ բարձրացել է:
«Իմ ծրագիրը պարզ է. վերականգնել Ուկրաինայի նկատմամբ հարգանքն ու երկրի անկախությունը՝ նրան բերելով Եվրոպա: Իմ ծրագիրն ուղղված չէ ինչ-որ մեկի դեմ: Ռուսաստանի նկատմամբ իմ մտադրությունները դրական են, և ես ցանկանում եմ, որ ճանաչվի Ուկրաինայի ինքնիշխանությունը»,- ասել է նա:
Վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ իր տարաձայնությունները Վիկտոր Յուշչենկոն բնութագրել է որպես «երկու գաղափարախոսությունների հակամարտություն»:
«Տիկին Տիմոշենկոյի նպատակն է «Ռեգիոնների կուսակցության» հետ դաշինք կնքել, որ նա 15 տարի կառավարի Ուկրաինան և ռուսամետ քաղաքականություն վարի»,- ասել է նախագահը՝ կարծիք հայտնելով, որ դա կարող է հանգեցնել նրան, որ Ուկրաինան հրաժարվի ժողովրդավարական սկզբունքներից:
«Ուկրաինան ինքնիշխան պետություն է և այն չի հանդուրժի ինչ-որ մեկի գերիշխանությունը»,- ասել է նա՝ նորմալ չհամարելով այն փաստը, որ ռուս-ուկրաինական սահմանն առայսօր նշագծված չէ: Եթե Ռուսաստանը հետևի միջազգային պարտավորություններին, ապա, ըստ Յուշչենկոյի, իրենց միջև լավ հարաբերություններ կլինեն:
«Սակայն եթե մենք բախվենք նոր ինտրիգների կամ քարոզչական պատերազմների, ապա ամեն ինչ այլ կերպ կլինի»,- նշել է նա:
Ուկրաինայի նախագահը վստահեցրել է, որ եվրոպական անվտանգության տարածքը որքան շատ տարածվի դեպի արևելք, այնքան լավ կլինի Եվրոպայի համար: «Իրենց ազատությունը վերադարձրած բոլոր երկրներն ընտրել են անվտանգության համաեվրոպական համակարգը: Այլընտրանք չկա»,- ասել է Յուշչենկոն:
Ուկրաինայի նախագահը նաև ցանկություն է հայտնել, որ եվրոպացի գործընկերներն ավելի հստակ և հասկանալի դիրքորոշում ունենան ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում:
«Հարկավոր է վերջ դնել Եվրոպայի պառակտման քաղաքականությանը: Դա քաղաքական կամքի հարց է»,- նշել է նա:
Խոսելով իր ժողովրդականության նվազման մասին՝ Յուշչենկոն ասել է, որ «Նարնջագույն հեղափոխությունն» իրականացնողների շարքում առաջացած պառակտման պատճառը Տիմոշենկոյի կազմակերպած արշավներն են:
Ինչ վերաբերում է գազային նոր հակամարտության հնարավորությանը, ապա, ըստ Յուշչենկոյի, ինչպես միշտ, դա չի կարգավորվի մինչև դեկտեմբերի 31-ը։
«Կարող եմ վստահեցնել, որ Ուկրաինան պատասխանատու չէ հունվարին ռուսական գազի մատակարարման դադարեցման համար: Մենք շահագրգռված ենք կայուն մատակարարում երաշխավորել դեպի եվրոպական երկրներ»,- ասել է Ուկրաինայի նախագահը: