Կառավարությունից էլ հոռետես
ԱՄՀ-ն Հայաստանում կանխատեսում է 15.6 տոկոս անկում

Արմենակ Չատինյան
ԱՊՀ տարածքում ԱՄՀ-ն տնտեսության անկման երկնիշ ցուցանիշ է կանխատեսել Հայաստանում (15,6%) և Ուկրաինայում (14%):
ԱՊՀ տարածքում ԱՄՀ-ն տնտեսության անկման երկնիշ ցուցանիշ է կանխատեսել Հայաստանում (15,6%) և Ուկրաինայում (14%):

Հայաստանի տնտեսության անկման վերաբերյալ վերջին մեկ շաբաթվա ընթացքում արվել է երեք տարբեր կանխատեսում։ Հայաստանի կառավարությունն այս տարի սպասում է տնտեսության 15% անկում, Ասիական զարգացման բանկը՝ 9,9%, իսկ Արժույթի միջազգային  հիմնադրամը՝ 15,6%։

Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է համաշխարհային տնտեսության վերաբերյալ նոր զեկույց, որը վերնագրված է «Համաշխարհային տնտեսության հեռանկար. ապահովելով վերականգնումը» (World Economic Outlook: Sustaining the Recovery)։

Զեկույցն արձանագրում է, որ համաշխարհային տնտեսությունը դուրս է գալիս ռեցեսիայից։ Ակնկալվում է, որ տնտեսության աճը կլինի դանդաղ, քանի որ ֆինանսական համակարգը դեռևս թույլ է, իսկ կառավարությունների օժանդակության միջոցառումներն աստիճանաբար դադարեցվելու են։

Չնայած որոշ լավատեսական կանխատեսումներին՝ ԱՄՀ-ն կարծում է, որ ԱՊՀ երկրների տնտեսության անկումը լինելու է ավելի մեծ, քան ավելի վաղ կանխատեսվում էր, քանի որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը լուրջ ազդեցություն է թողել այս երկրների վրա։

Ըստ ԱՄՀ մասնագետների՝ 2010թ. տարածաշրջանի տնտեսության աճի համար կարող է հիմք լինել Ռուսաստանի տնտեսության վերականգնումը, ինչպես նաև համաշխարհային հումքային շուկաներում գների աճը։

Սա առաջին դեպքը չէ, երբ հեղինակավոր ֆինանսական կառույցները, այդ թվում՝ ԱՄՀ-ն, այս տարվա ընթացքում մի քանի անգամ վերանայում են համաշխարհային տնտեսության, առանձին երկրների տնտեսություններին վերաբերող կանխատեսումները։

Օրինակ՝ ԱՄՀ նոր կանխատեսման համաձայն՝ այս տարի ԱՊՀ երկրների տնտեսությունն ընդհանուր առմամբ կկրճատվի 6,7%-ով, մինչդեռ հուլիսյան կանխատեսումներով սպասվում էր 5% անկում։

Ըստ ԱՄՀ վերլուծաբանների՝ ցածր եկամուտ ունեցող ԱՊՀ մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, այս տարի տնտեսական անկումը զուգակցվել է ազգային արժույթի արժեզրկումով։

Նախկինում մի շարք երկրներ արձանագրում էին աճի տպավորիչ ցուցանիշներ, աճող պահանջարկ, ինչը տեղի է ունեցել ի հաշիվ արտերկրի վարկային միջոցների։ Ներկայում այս երկրներում տնտեսական ակտիվությունը, հատկապես շինարարության ոլորտում, էապես ընկել է՝ պայմանավորված ֆինանսական միջոցների հոսքի նվազումով:

Այս տարի ԱՊՀ տարածքում հիմնադրամը տնտեսության անկման երկնիշ ցուցանիշ է կանխատեսել Հայաստանում (15,6%) և Ուկրաինայում (14%): Ռուսաստանում կանխատեսվում է 7,5% անկում, Վրաստանում՝ 4%: Տնտեսական աճ սպասվում է Ադրբեջանում՝ 7.5%, Ուզբեկստանում՝ 7%, Թուրքմենստանում՝ 4%, Տաջիկստանում՝ 2%, Ղրղըզստանում՝ 1,5%։

Թեև Հայաստանի համար ԱՄՀ-ն կանխատեսել է ամենամեծ տնտեսական անկումը, սպառողական գների աճը (4,4%)  մեր երկրում կլինի ԱՊՀ տարածքում ամենափոքրը։ Սպառողական գների ամենամեծ աճը կանխատեսվում է Ուկրաինայում՝ 16,3%, Բելառուսում՝ 16%, Ռուսաստանում՝ 12,3%։

ԱՄՀ-ն ակնկալում է, որ արդեն 2010թ. ԱՊՀ երկրների տնտեսությունները կվերականգնվեն։ ԱՊՀ տնտեսության աճը, կանխատեսման համաձայն, կլինի 2,1%։

2010թ. տնտեսության աճի երկնիշ ցուցանիշ կգրանցվի Թուրքմենստանում՝ 15,3%։ Հայաստանի տնտեսության համար հիմնադրամը կանխատեսել է 1,2% աճ, Վրաստանի համար՝ 2%, Ադրբեջանի համար՝ 7,4%, Ռուսաստանի համար՝ 1,5%։

Ըստ ԱՄՀ տնտեսագետների՝ 2010թ. ֆինանսական քաղաքականության պատասխանատուների համար հիմնական մարտահրավերը լինելու է վարկավորման վերականգնման համար ամուր հիմքերի ապահովումը։ Կառավարությունները պետք է պատրաստ լինեն արագ արձագանքել ֆինանսական համակարգում լարվածության առաջացման դեպքերին, ներարկել իրացվելիություն և օգտագործել այլ ֆինանսական գործիքներ։



 
 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC