«ՀայՌուսգազարդը» կստանա $40 մլն բյուջետային վարկ
Որոշումն ունի հակաճգնաժամային բովանդակություն
Կապիտալ
|
| Կառավարությունը օժանդակում է «ՀայՌուսգազարդին» կատարել ներդրումային պարտավորությունները։ |
Կառավարությունը օժանդակում է «ՀայՌուսգազարդին» կատարել ներդրումային պարտավորությունները։
Երեկ Վանաձորում արտագնա նիստին գործադիրը որոշել է 2009թ. չորրորդ եռամսյակում պետբյուջեից «ՀայՌուսգազարդին» տրամադրել $40 մլն բյուջետային վարկ` վեց ամիս ժամկետով, տարեկան 11% տոկոսադրույքով։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ «ՀայՌուսգազարդը» հաջողությամբ է կատարում իր ներդրումային ծրագիրը, և այդ վարկը կարագացնի այդ գործընթացը։
«Որոշումն ունի հակաճգնաժամային բովանդակություն, վարկը տրամադրվում է կարճ ժամկետով, ունի վարկային պարտավորության ապահովման հուսալի միջոց»,- ասել է Տ.Սարգսյանը։
Նշենք, որ «ՀայՌուսգազարդը» շարունակում է գազաէներգետիկ ծրագրերի իրականացումը, մասնավորապես՝ Իրան-Հայաստան գազատարի գործարկմամբ պայմանավորված գազափոխադրման համակարգի ընդլայնումը, «Հրազդանի ջէկի» 5-րդ էներգաբլոկի արդիականացման շինարարության ավարտը:
Հոկտեմբերի 1-ի դրությամբ գազաէներգետիկ ծրագրերի իրականացման ուղղությամբ ընկերությունը ներդրել է $541 մլն: 2009թ. ինը ամսվա ընթացքում այս ծրագրերի ուղղությամբ իրականացված ներդրումները կազմել են Դ26,8 մլրդ:
Բացի այդ՝ գազային համալիրի վերականգնման և զարգացման ծրագրի իրականացման համար 2009թ. առաջին ինը ամսվա ընթացքում ներդրումները կազմել են Դ10,3 մլրդ:
Ներդրումային ծրագրերը ֆինանսավորվում են ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին: Փոխառու միջոցների ներգրավման հարցում «ՀայՌուսգազարդը» համագործակցում է մի շարք տեղական և արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ: