Հարկային դաշտում կատարված փոփոխությունները մեզ հնարավորություն տվեցին ավելի դրական ներկայացնել Հայաստանը
Հարցազրույց Միջազգային տեղեկատվականացման ակադեմիայի նախագահ Ազատ Վարդանյանի հետ
Սամվել Ավագյան
|
| «Ամենակարևորը բարձր տեխնոլոգիաների արտադրանքն է, որը շատ հեշտությամբ կարելի է արտահանել»,- ասում է Ազատ Վարդանյանը: |
Կանադայում բնակվող Ազատ Վարդանյանը Մոնռեալում տեղակայված Միջազգային տեղեկատվականացման ակադեմիայի (International Informatization Academy) և Հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի նախագահն է:
Պրոֆեսոր, դոկտոր Վարդանյանը թեև Հայաստանի հանրությանն այնքան էլ հայտնի չէ, սակայն արտերկրում բավական մեծ հեղինակություն ունի. նրա ղեկավարած ակադեմիան, որը ՄԱԿ-ի ասոցացված անդամ է, ունի ավելի քան 20 հազ. անդամ, որոնց թվում են Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, ՄԱԿ-ի վերջին երեք գլխավոր քարտուղարները, մի շարք պետությունների ղեկավարներ, գիտության, մշակույթի բազմաթիվ հայտնի գործիչներ ու տնտեսագետներ:
Ակադեմիան աշխարհի տարբեր երկրներում 750 մասնաճյուղ ունի: Հայաստանյան մասնաճյուղի անդամ են, օրինակ, ՀՀ գործող նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը:
Ազատ Վարդանյանն այս օրերին Հայաստանում էր և «Կապիտալի» թղթակցին պատմել է, թե ինչ աշխատանքներ են կատարվում հայ-կանադական տնտեսական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:
- Պրն Վարդանյան, Հայաստանի համար հիմա շատ կարևոր են ներդրումային նախագծերը: Որպես Հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ՝ այս առումով ի՞նչ ծրագրեր եք իրականացնում:
- Եթե մենք ուզում ենք, որ Հայաստանի տնտեսական վիճակը լավանա, շատ կարևոր է ներգրավել խոշոր միջազգային ընկերությունների: Ներդրումների այն չափը, որ իրենք կարող են անել, շատ ավելի է, քան Սփյուռքը կարող է անել: Գաղտնիք չէ, որ երբ այդ խոշոր ընկերությունները որևէ տեղ են մտնում, պետությունները նրանց թիկունք են դառնում:
Մեր ակադեմիան քաղաքական հարցերով չի զբաղվում, սակայն խոշոր ընկերությունների ներգրավման համար քաղաքական մասը շատ կարևոր է: Մենք սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ, կազմակերպեցինք Հայաստանի նախագահի խորհրդական Վահրամ Ներսիսյանցի այցը Կանադա: Հանդիպումներ ունեցանք Կանադայի ղեկավարության հետ, տեսանք, որ հետաքրքրություն կա, բայց ընկերությունները տեղեկություններ չունեն Հայաստանի մասին:
Ակադեմիան այդ պակասը լրացնել չէր կարող, եկանք այն եզրակացության, որ պետք է ստեղծվի Առևտրաարդյունաբերական պալատը: Ստեղծեցինք նաև կայքը, որտեղ հսկայական տեղեկատվություն տեղադրեցինք, սկսեցինք աշխատել ամերիկյան ու կանադական խոշոր ընկերությունների հետ:
Այս երկու տարվա մեջ կարողացանք հասնել նրան, որ, օրինակ, կանադական մի քանի հանքագործական ընկերություն արդեն եկել է Հայաստան: Առաջինը Dino Gold Mining-ն էր, որը մոտ $120 մլն ներդրում է արդեն կատարել: Երկրորդը Caldera Resources ընկերությունն է, որն ընդերքի շահագործման նոր բնապահպանական տեխնոլոգիա կբերի Հայաստան:
Էներգետիկայի ոլորտում նույնպես կանադական խոշոր ընկերություններ կան, որոնք պատրաստ են գալ Հայաստան և ներդնել գեոթերմալ էներգիայի հաշվին լրացուցիչ էլեկտրաէներգիա ստանալու իրենց տեխնոլոգիաները: Նույնիսկ եթե Հայաստանում այդ էներգիան չօգտագործվի, այն կարելի է արտահանել:
- Հայաստանի բիզնես միջավայրն ի՞նչ չափով է նպաստում կամ խոչընդոտում ներդրումներին:
- Կան խնդիրներ, որոնք շատ կարևոր են խոշոր ներդրողների համար: Առաջինը տվյալ երկրի օրենսդրության վիճակն է՝ որքանո՞վ են ներդրումները պաշտպանված: Վերջին մեկ տարում հարկային դաշտում կատարված փոփոխությունները մեզ հնարավորություն տվեցին ավելի դրական ներկայացնել Հայաստանը: Այժմ ավելի է պարզեցվել մաքսային ընթացակարգը, բայց ամենակարևորն ավելացված արժեքի հարկի հետ կապված որոշումն էր, որով պետությունը պարտավորվել է գերավճարը չվերադարձնելու դեպքում տուգանք վճարել:
Դա շատ կարևոր հարց է: Հետո ներկայացման ձևը նույնպես կարևոր է, երբ կարողանում ես մտնել իրենց կայքի մեջ և տեղեկատվություն վերցնել: Մենք հնարավորություն ենք ստեղծել, որ հարկային կամ մաքսային աշխատողները կարողանան ուսումնասիրել Կանադայի փորձը, համագործակցել այդ երկրի մաքսային մարմնի հետ:
Տեղյակ եմ, որ Համաշխարհային բանկի մասնագետների օգնությամբ ընդերքի վերաբերյալ նոր օրենք է պատրաստվել, որը Հայաստանի ստանդարտները նույնացնում է միջազգային ստանդարտների հետ: Հայաստանում ընդերքի ուսումնասիրությունները կատարվել են վաղուց և ուրիշ ստանդարտներով, ուստի շատ դեպքերում համեմատել չի լինում: Երբ այդ օրենքն ընդունվի, Հայաստան եկող ընկերությունների թիվը կավելանա:
- Իսկ հայկական ապրանքները որքանո՞վ են մրցունակ Կանադայում:
- Ես գիտեմ, որ կանադական մի ընկերություն կա Հայաստանում, որ հատուկ զբաղվում է շինանյութի արտահանման հարցերով, և այդ արտահանումն ավելանում է: Եղել են սննդի արտահանման փորձեր, սակայն այդ ասպարեզում դժվարություններ կան: Ամենակարևորը բարձր տեխնոլոգիաների արտադրանքն է, որը շատ հեշտությամբ կարելի է արտահանել:
Միտքը, գիտելիքը, ծրագրերը, դիզայնը, չիպերը. մենք դա պետք է զարգացնենք: Հայաստանի գենետիկայի ինստիտուտի մասնագետները շատ ուժեղ են, սա ևս ապրանք է: Եթե ապրանքը ստեղծվում է այստեղ, բայց ֆինանսավորվում է դրսից, դա ևս արտահանում է: Բայց այստեղի մենեջմենտը շատ թերի է: Դրսի ընկերությունների համար խնդիր է, թե որտեղից գտնել լավ մենեջերներ: