Շատերը մտածում են, որ Հայաստանում շատ փող կա ...
Հարցազրույց մոսկվայաբնակ հայ գործարար, «Ամերիաբանկի» խորհրդի անդամ Արամ Գրիգորյանի հետ
|
| «Հայաստանի բանկային համակարգը շատ խիստ վերահսկվող է, հետևաբար հավանականությունը, որ կտուժի, շատ քիչ է»,- ասում է Արամ Գրիգորյանը: |
Հայաստանում է մոսկվայաբնակ հայ գործարար, «Ամերիաբանկի» խորհրդի անդամ Արամ Գրիգորյանը: «Կապիտալի» խնդրանքով նա որոշ զուգահեռներ անցկացրեց Հայաստանի և Ռուսաստանի բանկային համակարգերի միջև:
- Պրն Գրիգորյան, եթե համեմատենք Հայաստանի և Ռուսաստանի բանկային համակարգերը, ի՞նչ առանձնահատկություններ և ընդհանրություններ կան:
- Նախ՝ Ռուսաստանում մրցակցությունը շատ ավելի բարձր է, բանկերի թիվը՝ շատ ավելի մեծ: Ճիշտ է, Ռուսաստանը տարածքով մեծ է, սակայն բնակչության թվաքանակի համեմատ էլ բանկերն ավելի շատ են, քան Հայաստանում: Դրանից բացի՝ Ռուսաստանում բանկերն առաջարկում են ծառայությունների առավել լայն տեսականի: Քանի որ Հայաստանի տնտեսական տարածքը փոքր է, բանկերին ձեռնտու չէ բոլոր տեսակի ծառայությունները մատուցել: Երրորդ՝ այնտեղ շուկան շատ ավելի ազատ է:
Չնայած Ռուսաստանի Կենտրոնական բանկը խիստ վերահսկողություն է իրականացնում, սակայն շուկան շատ մեծ է, և որևէ բանկի խնդիրներ ընդհանուր համակարգի վրա մեծ ազդեցություն չեն թողնում: Իսկ Հայաստանում եթե որևէ բանկում խնդիրներ առաջանան, ապա դա բոլորի վրա կազդի: Այդ պատճառով Հայաստանի Կենտրոնական բանկը շատ ավելի խիստ է վերահսկում ընդհանուր ֆինանսական համակարգը: Դա ունի և՛ դրական, և՛, ինչ-որ տեղ, սահմանափակող ազդեցություն: Հայաստանում այդ խստությունը անհրաժեշտ է, քանի որ հարկավոր է պահպանել համակարգի կայունությունը:
- Ասացիք՝ Ռուսաստանում ավելի լայն են ֆինանսական ծառայությունները: Կոնկրետ ի՞նչ նկատի ունեք:
- Օրինակ՝ լիզինգը և ֆակտորինգը: Զուտ քանակական առումով՝ շատ ավելի բանկեր, և ոչ միայն բանկեր, մատուցում են այդ ծառայությունը: Հայաստանում դրանք շատ ավելի քիչ են, կոնկրետ «Ամերիաբանկն» այդ ծառայությունները մատուցում է: Կամ էլ Ռուսաստանում վարկային քարտերի պայմաններն ավելի նախընտրելի են, քանի որ մրցակցությունն ավելի ուժեղ է:
Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանի ընդհանուր վարկային վարկանիշը շատ ավելի բարձր է, քան Հայաստանինը, նկատի ունեմ Fitch-ի, Moody’s-ի, S&P-ի վարկանիշները: Դրա հետևանքներից մեկն էլ այն է, որ փողի գինը Ռուսաստանում շատ ավելի էժան է, քան Հայաստանում:
- Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ Ռուսաստանի բանկային համակարգը ճգնաժամից շատ ավելի տուժեց, քան Հայաստանի համակարգը:
- Դա ճիշտ չէ: Ես չէի ասի, որ Ռուսաստանի բանկային համակարգը ճգնաժամից ավելի է տուժել, քան Հայաստանինը: Հայաստանի բանկային համակարգը շատ խիստ վերահսկվող է, հետևաբար՝ հավանականությունը, որ կտուժի, շատ քիչ է: Չպետք է դիտարկել միայն քանակական տվյալները, պետք է նայել հաճախորդի տեսակետից:
Ռուսաստանում ընդհանուր համակարգը վտանգի չենթարկվեց, ամենավատ ժամանակ էլ բանկերն աշխատում էին, ֆինանսավորում էին իրականացնում: Մի քանի բանկ սնանկացավ, բայց դա սովորական երևույթ է: ԱՄՆ-ում շատ ավելի բանկեր սնանկացան, քան Ռուսաստանում:
Շուկայական տնտեսությունում դա նորմալ բան է, դրանից պետք չէ վախենալ, պարզապես պետք է այնպես անել, որ ընդհանուր համակարգն այնքան հզոր լինի, որ մի քանի բանկի սնանկացումից որևէ արտառոց բան տեղի չունենա: Ռուսաստանում 1300 բանկ կա, որոնցից սնանկացավ մոտ մեկ տասնյակը՝ 1%-ից էլ քիչ: Ինչ-որ տեղ նույնիսկ լավ է, որ մի քանի բանկ սնանկանում է, որովհետև դա բերում է նրան, որ բանկերը ավելորդ ինքնավստահությամբ չեն լցվում:
- Հայաստանում ճգնաժամի հետևանքով վարկավորման նորմալ ընթացքը խաթարվեց: Կարելի՞ է ասել, որ Ռուսաստանում նորմալ վարկավորում է իրականացվում:
- Ոչ այնպես, ինչպես 2007թ., բայց ավելի լավ, քան կես տարի առաջ, ու շատ ավելի լավ, քան մեկ տարի առաջ:
- Հայաստանում բանկային սպրեդը շատ մեծ է: Դա մրցակցության պակասի հետևանքո՞վ է:
- Ե՛վ մրցակցության պակասի, և՛ այն բանի, որ Հայաստանի բանկային համակարգում քիչ ֆինանսական ռեսուրսներ կան: Շատերը մտածում են, որ Հայաստանում շատ փող կա, բայց այդ փողը կենտրոնացել է Կենտրոնական բանկում, կառավարության հետ կապված կազմակերպություններում: Մասնավոր հատվածն այդ հնարավորությունը չունի: Ոչ թե ինչ-որ մեկը հատուկ սահմանափակում է մտցրել, այլ բոլորը ցանկանում են փողը տալ կառավարությանը, հետևաբար՝ մասնավոր հատվածի համար քիչ փող է մնում:
- Ինչո՞վ եք բացատրում, որ ռուսաստանյան բանկերն ակտիվ ներթափանցում են հայաստանյան շուկա: Այս առումով մրցակցություն կա՞:
- Ես չէի ասի, որ ակտիվ թափանցում են: Կան որոշ ներդրումներ, բայց ռուսական բանկերը հիմա կենտրոնացել են իրենց տեղական խնդիրների վրա, արտասահմանյան ակտիվներին մեծ ուշադրություն չեն դարձնում: Ես կուրախանայի, որ ձեր ասածը ճիշտ լիներ, բայց այդպես չէ:
Զրուցեց Սամվել Ավագյանը