Համակարգիչ բոլորի՞ համար
Կառավարությունը նպաստում է մենաշնորհների հաստատմանը
Սամվել Ավագյան
|
| Տպավորությունն այնպիսին է, որ կառավարությունում այնքան էլ հստակ չեն պատկերացնում ծրագրի իրականացման նպատակները։ |
Սեպտեմբերի 17-ին Հայաստանում մեկնարկել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը: Տեղեկատվական հասարակության զարգացման առումով սա կարելի է նաև երկար սպասված միջոցառում համարել, սակայն պիլոտային ծրագրի առաջին փուլը մի շարք հարցադրումներ է առաջացնում:
Առաջիկայում «Կապիտալն» ավելի հանգամանալից կներկայացնի ծրագրի հիմքում դրված գաղափարախոսությունը, իրականացման մեխանիզմները, ինչպես նաև ծրագրին առնչվող պատասխանատու անձանց մեկնաբանությունները: Սակայն մինչ այդ ներկայացնենք որոշ դիտարկումներ:
«Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է հայկական «Յունիքոմփ» ընկերության միջոցով: Առաջարկվում են HP ընկերության համակարգիչներ՝ 5 մոդելի լափթոփ և 1 մոդելի անհատական համակարգիչ (desktop): Գները տատանվում են Դ240-398 հազ-ի սահմանում:
Գների այս մակարդակը վկայում է այն մասին, որ ծրագիրը սոցիալական անմատչելիության մեծ ռեսուրս ունի: Հազիվ թե $1000-ից թանկ նոութբուքերի վաճառքի կամ մոտ $800 անհատական համակարգիչների վաճառքի միջոցով կառավարությունը կարողանա լայն թափ հաղորդել համակարգիչների զանգվածային կիրառմանը: Սա ավելի շուտ բիզնես նախագիծ է, որի կողմերից մեկը կառավարությունն է:
Շուկայում առկա են ավելի էժան մոդելի համակարգիչներ՝ Դ130-180 հազ. սահմաններում, սակայն «Յունիքոմփի» միջոցով իրականացվող ծրագիրն ունի մեկ կարևոր առավելություն՝ ապառիկի ձևակերպման պայմանները:
Ապառիկը ձևակերպվում է երկու տարով, առանց տոկոսադրույքի, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» միջոցով: Բանկը վարկի ձևակերպման համար բավարար է համարում անձնագիրը, սոցքարտը, աշխատատեղից տեղեկանքը և երաշխավորի առկայությունը: Ընդ որում՝ ծրագրից օգտվելու համար հարկավոր է ունենալ ընդամենը Դ60 հազ. աշխատավարձ: Մասնավոր բանկի լոյալությունն իր հերթին պայմանավորված է կառավարության երաշխիքներով:
Կառավարական այս արտոնությունները որոշակիորեն խաթարել են համակարգչային շուկայում մրցակցային պայմանները: Ծրագիրը, ըստ էության չլինելով սոցիալական, շուկայի մասնակիցների համար ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ:
Շուկայի մասնակիցներից մեկը և համակարգչային ընկերություններից մեկը, շնորհիվ կառավարության աջակցության, ստացել է մրցակցային առավելություններ շուկայի մյուս խաղորդների համեմատ: Կարծում ենք՝ սա այնքան էլ արդարացված չէ:
Խնդիրն այն է, որ նույնիսկ փորձ չի արվել իրացնող կազմակերպությանն ընտրել մրցույթի միջոցով կամ ներգրավել մի քանի կազմակերպությունների, քանի որ «Յունիքոմփը» HP-ի գործընկերն է Հայաստանում և այս ծրագրի նախաձեռնողներից մեկը:
Համակարգչային շուկան Հայաստանում այն քիչ ոլորտներից է, որտեղ առկա է մրցակցություն, սակայն այս ծրագիրը կարող է հանգեցնել հերթական մենաշնորհի հաստատմանը, ինչպես, օրինակ, շաքարավազի շուկայում:
HP-ն (Hewlett Packard) ամերիկյան ընկերություն է, կենտրոնակայանը գտնվում է Կալիֆոռնիայում: Ընկերությունն աշխարհում առաջին տեղն է գրավում անհատական համակարգիչների և նոութբուքերի իրացման ծավալներով, տարեկան շրջանառությունը կազմում է մոտ $118 մլրդ:
Այլ երկրների շուկաներ մուտք գործելու և շուկայում առաջատար դիրքեր գրավելու համար HP-ն օգտագործում է ուրույն մեթոդներ, օրինակ՝ կառավարությունների երաշխիքներով համակարգիչների զանգվածային վաճառքը: Այդ առումով «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը HP-ի համար սովորական բիզնես ծրագիր է:
HP-ն նմանատիպ ծրագիր իրականացրել է նաև Ադրբեջանում, որը կոչվել է «Ժողովրդական համակարգիչ»: Ռուսաստանում 2007թ. իրականացվել է «Համակարգիչ յուրաքանչյուր տան մեջ» ծրագիրը (Intel-ի հետ համատեղ):
Ըստ փորձագիտական գնահատականների՝ երկու երկրներում էլ ծրագիրը ձախողվել է՝ ապառիկի մարումների պատճառով, որի հետևանքով այդ երկրների բյուջեները զգալի վնաս են կրել:
Սակայն նշենք, որ և՛ Ադրբեջանում, և՛ Ռուսաստանում առաջարկվող համակարգիչներն ավելի էժան են եղել և ավելի «սոցիալական», օժտված են եղել անվճար և լիցենզավորված Windows ծրագրով:
Հայաստանյան ծրագրում համակարգիչների օրինական ծրագրային ապահովումը (Windows-7) ժամանակավոր է՝ մինչև 2010թ. մարտի 1-ը: Իսկ Ադրբեջանում իրացված բոլոր համակարգիչներն օժտված են եղել Microsoft Windows XP, Microsoft Windows Vista և Microsoft Office փաթեթային լիցենզավորված ծրագրերով:
Ռուսաստանում համակարգիչներն իրացվել են փոստային բաժանմունքների միջոցով, ընդ որում՝ իրացումը սկսվել է մարզերից: Սա կարևոր է թեկուզ այն պատճառով, որ շուկայի մասնակիցներից որևէ մեկը մրցակցային առավելություններ չի ստանում: Բացի այդ՝ «Համակարգիչ յուրաքանչյուր տան մեջ» ծրագրին նախորդել է դպրոցները համակարգիչներով ապահովելու մեկ այլ պետական ծրագիր:
Պատահական չէ, որ Հայաստանում իրականացվող ծրագրի տեքստային տարբերակը մինչ այժմ հրապարակված չէ կամ էլ հրապարակված է որևէ ածանցյալ, դժվար որոնվող ձևով:
Տպավորությունն այնպիսին է, որ կառավարությունում այնքան էլ հստակ չեն պատկերացնում ծրագրի իրականացման նպատակները և մեխանիզմները կամ էլ չեն գնահատել տնտեսական դաշտի վրա դրա հնարավոր բացասական հետևանքները:
Գագիկ Ջ. - 1 Հոկտեմբեր 2009թ.
Հոդվածում առաջադրված են բազմաթիվ հարցադրումներ, որոնք անհապաղ պատասխան են պահանջում ծրագրի հեղինակներից: Այլապես հարցադրումները ավելի են շատանալու եւ ավելանալու են կասկածները այն ուղղությամբ, որ այս պահին մեկնարկած ծրագիրը ոչ մի կապ չունի այն նպատակների հետ, որը ի սկզբանե նախանշված է եղել ծրագրի հեղինակների կողմից: Առայժմ ստացվում է, որ որոշ մարդիկ կարողացել են պետական լծակները օգտագործել միայն ի շահ սեփական բիզնեսի զարգացման:
Հայկ - 1 Հոկտեմբեր 2009թ.
Քանի որ այլ երկրներում գները եղել են ավելի ցածր և ունեցել են անվճար Microsoft-ի ծրագրերը, ապա մեր դեպքում ակնհայտ է, որ Կառավարության անունից հանդես եկող անձը եղել է բավական ապաշնորհ բանակցություն վարող։
Տիրան - 1 Հոկտեմբեր 2009թ.
Առաջարկում եմ Կառավարությանը անց կացնել նոր սոցիալական ծրագիր՝ «մեքենա բոլորի համար» և հնարավորություն տալ Հայաստանի քաղաքների, մարզերի և գյուղական համայնքների բնակչությանը գնելու Ferrari տեսակի ավտոմեքենաներ։ Իսկ, եթե այնուամենայնիվ, Կառավարության միջոցները պետական բյուջեի կրճատման պայմաններում սուղ են, ապա գոնե հնարավորություն տան գնել Lexus մեքենաներ։
Dav - 1 Հոկտեմբեր 2009թ.
Համակարգիչ բոլորի համար կամ՝
hp-ն «փիս» «կպցրեց» Կառավարությանը
Գ. Սահակյան - 1 Հոկտեմբեր 2009թ.
Պարզապես Յունիկոմպը ստացել է պետական հովանավորչություն, իսկ դուրս է գալու «ժողովուրդի ջանից»
Արտուշ Հ. - 1 Հոկտեմբեր 2009թ.
Ծրագիրը շատ լավն է, բայց նույն կարգի համակարգիչները մյուս խանութներում անհամեմատ էժան են: Հետո ես HP չեմ սիրում, ինչի՞ մենակ HP
Հայկ - 1 Հոկտեմբեր 2009թ.
Ինձ թվում է Microsoft-ը դրսևորել է բավականին գիտակցված դիրքորոշում և չի միացել այս ծրագրին հենց այն պատճառով, որ սոցիալական ծրագիրը վեր է ածվել կոմերցիոն ծրագրի, այսինքն HP վաճառելու պետական միջոցների հաշվին։
Ուսուցչուհի - 1 Հոկտեմբեր 2009թ.
Ավելի լավ է հարեվանից պարտքով փող վերցնեմ ու գնեմ 150000 դրամանոց համակարգիչ: Իմ պահանջներին լրիվ բավարարում է, մի բան էլ ավելին: Ում՞ են ուզում զարմացնել:
Գեղամ Ս. - 1 Հոկտեմբեր 2009թ.
Մյուս խանութների նոութբուքերը սովորաբար ունեն լիցենզիոն Windows, իսկ դրանք ոչ: Հավանաբար էդպես է արված, որ էժան լինեն: Բա ինչի՞ էժան չի:
Աշոտ - 1 Հոկտեմբեր 2009թ.
Նախորդ հեղինակը ճիշտ է, սրանց գինին մի 60000 պիտի ավելացնել, հետո համեմատել:
Դրանք մի քանի ամիս հետո պետք է վերաբեռնավորվեն, կամ նոր համակարգ պիտի առնենք, կամ էլ մի 10-15 հազար դրամով մեկը մի կիստ-պռատ բան կդնի:
Գագիկ - 1 Հոկտեմբեր 2009թ.
Ես չեմ կարծում, թե այս հոդվածը առավոտվանից ծրագրի հեղինակներից որեւէ մեկը չի կարդացել: Ինձ զարմացնում է, թե ինչու նրանց կողմից արձագանք չի տրվում առաջադրված հարցերին:
Մարինե - 1 Հոկտեմբեր 2009թ.
Հնարավոր է, որ խելքին մոտ ծրագիր է, որովհետև եթե հայ ընտանիքները մինչև հիմա համակարգիչ չունեն, ապա այն պատճառով, որ հարևանից այդքան փող չեն կարող վերցնել, հարևանն էլ իր հերթին վստահ չի կարող լինել, որ այդքան գումարը հետ կստանա... Իսկ այս դեպքում երաշխավոր է կանգնում պետությունը: Այդ պատճառով, կարծում եմ, որ հարվածի տակ, ամեն դեպքում, ոչ թե բնակչությունն է, այլ պետական բյուջեն, եթե նա է պատրաստվում ծրագրի ձախողման դեպքում փակել բոլոր վնասները:
Միհրան Ս - 1 Հոկտեմբեր 2009թ.
Մարինեի հոդվածի կապակցությամբ...
Խելքին մոտ կլիներ, եթե մասնակցեին մի քանի կազմակերպություններ և մի քանի բրենդներ: Այս դեպքում մի խաղացողի ձեռքում են բոլոր խաղաքարտերը, նա էլ կվաճառի ինչ գնով ուզի և ինր ուզի: Իսկ այդ ընկերությունը եևբեք աչքի չի ընկել ցածր գներով ու այժմ էլ աչքի չի ընկնում:
Ինա - 2 Հոկտեմբեր 2009թ.
Գները իսկապես շատ մատչելի չեն: Հաճախորդին երևի գայթակղում է միայն 0% կանխավճարը: Մնացած պարագաները մտածելու տեղիք են տալիս: Պետք չէ մոռանալ նաև ծրագրային ապահովվման մասին:
Տիգրան Հ. - 8 Հոկտեմբեր 2009թ.
Իսկ ինչու՞ էք կարծում, որ 60000 դրամ աշխատավարձ ստացողը ի վիճակի կլինի վճարել 13500-ից 16500 դրամ 2 տարվա ընթացքում: Եթե ծրագիրը ուղղված է բնակչությանը համակարգիչ ունենալու հնարավորություն տալու վրա, ապա ավելի ճիշտ կլիներ առաջարկվեին համակարգիչներ 7000-8000 դրամ ամսական վճարով: Մեր շուկայում նման համակարգիչ ձեռք բերելը հնարավոր է: