Մեկնարկել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը
Կառավարությունը պատրաստվում է ավելի լուրջ քայլերի
Արմենպրես
|
| Աշխարհի բնակչության միայն մեկ վեցերորդին է հասանելի համակարգիչը և ինտերնետը, իսկ Հայաստանի պարագայում՝ բնակչության 10%-ին: |
Երևանում երեկ մեկնարկել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի փորձնական փուլը: Դրանով նախատեսվում է ազգաբնակչությանը համակարգիչներ վաճառել շուկայականից անհամեմատ էժան գներով:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն «Արմենպրեսին» հայտնել է, որ ծրագիրը նպատակ ունի Հայաստանում խթանել համակարգիչների տարածումը, բարձրացնել էլեկտրոնային գրագիտությունը, նպաստել տեղեկատվական հասարակության ձևավորմանը և ՏՏ ոլորտի զարգացմանը, խթանել ինտերնետի օգտագործումը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի կարծիքով՝ ծրագիրը շատ կարևոր է և մեծ հնարավորություններ է բացում հանրության առջև:
«21-րդ դարում անհնար է ապրել առանց համակարգչի և ինտերնետի: Մենք նպատակ ունենք առաջիկա 5-10 տարվա ընթացքում երկրում համակարգչի և ինտերնետի հասանելիությունը հասցնել միջազգային մակարդակի: Բոլորիս խնդիրն է ներգրավվել այս ծրագրում, մարդկանց բացատրել և ոգևորել»,- նշել է նախարարը: Նրա խոսքով՝ հետաքրքրության դեպքում կառավարությունը կարող է գնալ առավել լուրջ քայլերի:
«Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Գրիգոր Բարսեղյանի խոսքով՝ աշխարհի բնակչության միայն մեկ վեցերորդին է հասանելի համակարգիչը և ինտերնետը, իսկ Հայաստանի պարագայում՝ բնակչության 10%-ին: Ըստ նրա՝ այս ծրագիրը հնարավորություն կտա ապահովել էլեկտրոնային հավասարություն:
«Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի, «Հյուլեթ-Պակարդ» ընկերության և «Ակբա Կրեդիտ Ագրիքոլ բանկի» աջակցությամբ: