Հայաստանի շահերն ամեն ինչում չէ, որ համընկնում են Արցախի շահերի հետ
ՌԱՀՀԿ տնօրենի կարծիքով` Երևանն իրավունք չունի պահպանել Ստեփանակերտի անունից բանակցելու մոնոպոլիան
Կապիտալ
|
| Ռիչարդ Կիրակոսյանն ասում է, որ Ռուսաստանին ու ԱՄՆ-ին ձեռնռու է ստատուս քվոյի պահպանումը ԼՂ հակամարտության գոտում: |
«Հայաստանն իրավունք չունի պահպանել Լեռնային Ղարաբաղի անունից բանակցություններ վարելու մոնոպոլիան»,- Ստեփանակերտում հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ ԼՂՀ մայրաքաղաքում տեղի է ունեցած «Ղարաբաղյան հակամարտություն. նոր իրականություններ» թեմայով համաժողովի ընթացքում:
Միջոցառումը կազմակերպել է «Կովկաս» ինստիտուտը՝ գերմանական «Հենրիխ Բելլ» հիմնադրամի աջակցությամբ:
«Վտանգավոր կլիներ ենթադրել, որ Հայաստանի շահերն ամեն ինչում համընկնում են Լեռնային Ղարաբաղի շահերի հետ: Լեռնային Ղարաբաղը պետք է հակամարտության լիարժեք կողմ ճանաչվի, իսկ հանրապետության օրինապես ընտրված իշխանությունները պետք է բանակցությունների ընթացքում հավասար ներկայացուցչություն ունենան»,- ասել է փորձագետը:
Ռ. Կիրակոսյանի կարծիքով, տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի կարևորությունը վերջին ժամանակներում աճել է:
«Դա այն առանցքն է, որի վրա պահվում է տարածաշրջանային անվտանգությունը: Այն բանից, թե ինչ կանի Ղարաբաղը, կախված է, թե ինչպիսին կլինի տարածաշրջանը վաղը»,- ասել է նա:
Ըստ ՌԱՀՀԿ տնօրենի՝ ժողովրդավարական գործընթացների զարգացման տեսակետից Լեռնային Ղարաբաղն իր տարածաշրջանային հարևաններից շատ ավելի առաջ է շարժվել, սակայն դա չի նկատվում միջազգային միջնորդների կողմից:
Փորձագետն Ադրբեջանի ղեկավարության վարած քաղաքականությունում, որտեղ իշխանությունը հորից տղային է փոխանցվում, խելամտություն չի տեսնում: Նրա կարծիքով՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առավելությունը պաշտպանվելուն պատրաստ լինելն է, այն դեպքում, երբ ադրբեջանցիները պատրաստ չեն հարձակվել:
«Բարոյական ոգին քանակից ավելի կարևոր է: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը պոտենցիալ ագրեսոր է մնում: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պետք է ուժեղացնեն իրենց ինքնաբավությունը»,- ասել է նա:
Կիրակոսյանն ասել է, որ ԼՂՀ պաշտպանության բանակը պատերազմի կանխարգելման, տարածաշրջանում կայունության պահպանման ամենագործուն միջոցն է:
«ԼՂՀ-ի համար կարևոր է՝ արդյոք տարածաշրջանը Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությա՞ն, թե՞ հակամարտության գոտի կդառնա: Իմ կարծիքով՝ և՛ ԱՄՆ-ին, և՛ Ռուսաստանին ձեռնտու է ստատուս քվոյի պահպանումը, և նրանք ազնիվ չեն, երբ խոսում են ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման արհրաժեշտության մասին»,- ասել է փորձագետը: