Նոյի աղավնին վերադառնում է
Ցեղասպանության ճանաչումը երբեք ճանապարհ չի հարթի տարածքային խնդրի վերանայման համար

Պատրաստեց Սասուն Խաչատրյանը
Հայերը պետք է ընդունեն, որ Ցեղասպանության ճանաչումը երբեք ճանապարհ չի հարթի գրեթե մեկ դար շարունակ գոյություն ունեցող տարածքային խնդրի վերանայման համար:
Հայերը պետք է ընդունեն, որ Ցեղասպանության ճանաչումը երբեք ճանապարհ չի հարթի գրեթե մեկ դար շարունակ գոյություն ունեցող տարածքային խնդրի վերանայման համար:

Բեռլինում գտնվող «Եվրոպական կայունության նախաձեռնություն» կազմակերպությունը զեկույց է հրապարակել հայ-թուրքական հարաբերությունների մասին, որը վերնագրված է «Հայաստանը, Թուրքիան և Ցեղասպանության մասին բանավեճը»: Ստորև որոշ խմբագրումներով թարգմանաբար ներկայացված է զեկույցի ամփոփագիրը։

Ըստ զեկույցի՝ որևէ այլ թեմա այդքան չի թունավորում հայերի և թուրքերի միջև հարաբերությունները, որքան 1915թ. Անատոլիայում հայկական համայնքների ոչնչացումը, ինչպես նաև հարցը, թե արդյո՞ք դա հավասարազոր է ցեղասպանության։

Միջազգային հարթակներում ցեղասպանության ճանաչման դեմ պայքարը Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է։ Հայերի համար Ցեղասպանությունը և դրա հետևանքով պատմական հայրենիքի կորուստն ազգային ինքնության վճռորոշ տարր է։

Ներկայում երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Սահմանը շարունակում է փակ մնալ։ Վերջերս մերձեցման առաջին նշաններ են նկատվել, երբ երկու կողմերի քաղաքական առաջնորդներն սկսեցին հաշտարար ժեստեր անել միմյանց նկատմամբ։ Այդուհանդերձ, հարաբերությունների կարգավորման համար երկու կողմերն էլ պետք է կարողանան հաղթահարել խորը արմատավորված որոշ նախապաշարմունքներ։

Վերջին տարիներին Եվրամիության անդամակցության գործընթացի ազդեցության ներքո Թուրքիայում լուրջ փոփոխություններ են կատարվել. բարեփոխվել է Սահմանադրությունը, իսկ քաղաքացիական հարցերում նվազեցվել է ազգային անվտանգության մարմինների դերը։

Ժողովրդավարացման շնորհիվ հայկական հարցը Թուրքիայում առաջին անգամ բացահայտ քննարկման առարկա է դարձել։ Տարիներ շարունակ Թուրքիայի պատմությունը հաստատում էր, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսներին աջակցելով՝ անհնազանդ հայ ժողովուրդը Թուրքիայի ոչնչացման հիմնական պատասխանատուն էր և գլխավոր ագրեսորը։

Նրանք, ովքեր կասկածի տակ էին դնում պաշտոնական տեսակետը, դավաճանի պիտակ էին ստանում և քրեական հետապնդման վտանգի առաջ հայտնվում: Այդուհանդերձ, 2000-ից ի վեր, վերացնելով բազմաթիվ տաբուներ, թուրքական քաղաքացիական հասարակությունն սկսել է «օսմանյան հայերի» պատմությունն այլ տեսանկյունից դիտել։

Նույն ժամանակահատվածում Թուրքիայի արտաքին քաղաքականության ոլորտում դրամատիկ զարգացումներ են տեղի ունեցել։ «Ոչ մի խնդիր հարևանների հետ» կարգախոսի ներքո Թուրքիայի ներկա կառավարությունը քայլեր է կատարել, որպեսզի հարթի երկարատև վեճերի մի ամբողջ շարք՝ տարածաշրջանային և համաշխարհային թատերաբեմում ամրապնդելով Թուրքիայի դերը որպես ռազմավարական խաղորդ։

Այդուհանդերձ այս տեսլականում Հայաստանը մնացել է որպես մութ կետ: Թուրքիան շարունակում է նաև քաղաքական զգալի կապիտալ ներդնել՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը դիմակայելու համար։

Սա, թերևս, ճակատամարտ է, որում Թուրքիան չի կարող հաղթել։ Առ այսօր քսան երկիր, ներառյալ՝ Թուրքիայի մոտ դաշնակիցներից շատերը, Ցեղասպանության հիշատակը հավերժացնող բանաձևեր են ընդունել։

Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ նոր նախագահի վարչակազմի կարևոր դեմքերից մեծ մասն առ այսօր կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, թվում է՝ ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումը պարզապես ժամանակի հարց է։

Հակառակ թուրքերի մտավախությունների՝ սա հակաթուրքական աճող տրամադրությունների և հայկական սփյուռքի լոբբիզմի հզորության նշան չէ: Ցեղասպանության ճանաչման այս ալիքը ավելի շատ արտացոլում է գիտնականների և իրավագետների շրջանում ցեղասպանության՝ աստիճանաբար փոփոխված ընկալումը։

Համընդհանուր կարծիքն այն է, որ «ցեղասպանություն» եզրը, որը բնորոշվում է որպես ամբողջովին կամ մասամբ կոնկրետ ազգային կամ էթնիկ խմբի ոչնչացում, 20-րդ դարի սկզբին իրագործվել է աշխարհի գրեթե յուրաքանչյուր անկյունում: Այսօր գրեթե չկա հեղինակավոր մի ցեղասպանագետ, որը կասկածի տակ դնի փաստը, որ հայերի հետ 1915թ. կատարվածը ցեասպանություն է։

Այդուհանդերձ, ակնհայտ է, որ իրավական տեսանկյունից ժամանակակից Թուրքիան պատասխանատու չէ գործողությունների համար, որոնք կատարվել են գրեթե մեկ դար առաջ, և որ Ցեղասպանության ճանաչումը կասկածի տակ չէր դնի թուրք-հայկական հաստատված սահմանը։

Հայերի համար այսօր նույնպես բուռն վիճաբանությունների ժամանակներ են։

Տասնամյակներ շարունակ հակաթուրքական տրամադրություններն ու Մեծ Հայքի մասին երազանքների թեման շատ հայերի են միավորել ինչպես երկրի ներսում, այնպես էլ Սփյուռքում։ 1960-ից ի վեր պատմական հողերը վերադարձնելու վերաբերյալ մաքսիմալիստական պահանջները, այդուհանդերձ, ստիպված են եղել մրցակցել պաշտոնական՝ ավելի պրագմատիկ տեսակետի հետ, ըստ որի՝ մեկուսացած և շրջափակված Հայաստանի Հանրապետության համար Թուրքիայի հետ բարելավված հարաբերությունները ռազմավարական հրամայական է։

Հայաստանի՝ միմյանց հաջորդող կառավարությունները կոչ են արել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ Հայերն այսօր ընտրության առաջ են կանգնած. կա՛մ Թուրքիային վերաբերվել որպես հավերժ թշնամի, կա՛մ էլ իրենց արևմտյան հարևանի հետաքրքրությունն առաջացնել՝ հույս ունենալով, որ մի գեղեցիկ օր Եվրամիությանը կսահմանակցեն:

Երկու երկրի համար էլ սա շատ կարևոր պահ է։ Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն ու սահմանի բացումը թեև միայն առաջին քայլերն են դեպի հաշտություն, երկու կողմում դրանք կմեկուսացնեն ծայրահեղական բողոքները և ավելի խոհեմ ու չափավոր քննարկման համար ճանապարհ կհարթեն։

Թուրքիան պետք է վերջ տա Հայոց ցեղասպանության քննարկումները խոչընդոտելու փորձերին ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում, և խուսափի հիվանդագին արձագանքելուց, եթե, ինչը շատ հնարավոր է, իր դաշնակիցներից մի քանիսն էլ 1915թ. իրադարձությունները ճանաչեն որպես Ցեղասպանություն։

Իրենց հերթին հայերը պետք է ընդունեն, որ Ցեղասպանության ճանաչումը երբեք ճանապարհ չի հարթի գրեթե մեկ դար շարունակ գոյություն ունեցող տարածքային խնդրի վերանայման համար:

Զեկույցն ամբողջությամբ կարելի է կարդալ «Եվրոպական կայունության նախաձեռնություն» կազմակերպության կայքում:



 
 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
<<Ապրիլ 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC