Աշխարհում քիչ երկրներ կան, որ համակարգիչների նկատմամբ ԱԱՀ են կիրառում
«Կապիտալի» թղթակիցը զրուցել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հետ
|
| «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյան։ |
Երկու շաբաթ առաջ Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակեց տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) գլոբալ զարգացման զեկույցը, որում ներկայացված են նաև երկրների վարկանիշները՝ ըստ ՏՏ օգտագործման աստիճանի: Հայաստանն այդ վարկանիշում շատ ցածր՝ 114-րդ հորիզոնականում է և հետ է մնում ԱՊՀ բոլոր երկրներից:
Թե ինչո՞ւ՝ զրուցեցինք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հետ:
- Պրն Ենգիբարյան, ինչո՞վ է բացատրվում Հայաստանի ցածր դիրքն այդ վարկանիշում:
- Կուզենայի երկու բան առանձնացնել: «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» տերմինը նշանակում է ՏՏ արդյունաբերություն, որը ներկայացնում է ոլորտի կազմակերպություններին, և տեղեկատվական հասարակություն, այսինքն՝ թե ինչքանով է հասարակությունն օգտագործում ՏՏ գործիքը՝ ինտերնետ, համակարգիչ, բջջային հեռախոս և այլն:
Զեկույցը վերաբերում է ոչ թե ՏՏ ոլորտին, այլ տեղեկատվական հասարակությանը: Եթե ավելի մանրամասն նայենք զեկույցը, այնտեղ արդյունաբերության մասին ոչինչ չկա: Ցավալի է, որ նախորդ տարվա համեմատ Հայաստանի ցուցանիշները վատացել են: Վերլուծությունից հետո պարզվեց, որ 2006-ից հետո Հայաստանին վերաբերող շատ տվյալներ միջազգային տվյալների բազայում չեն թարմացվել:
Մասնավորապես, ներկայացված չէ բջջային հեռախոսների քանակը, կրթական ծրագրերի զարգացումը և այլն: Մեր միջին հաշվարկներով կարող էինք լինել 60-70-րդ տեղում, սակայն ամեն դեպքում դա մեզ չի գոհացնում:
Ունենալով նմանատիպ ՏՏ ոլորտ՝ տեղեկատվական հասարակության մասով մենք նաև հավակնություններ ունենք աշխարհում գրավել առաջին տեղը: Անցյալ տարվա օգոստոսին հաստատվեց ՏՏ ոլորտի հայեցակարգը, որտեղ մեծ ուշադրություն է դարձվել տեղեկատվական հասարակության կայացմանը՝ համակարգչային մատչելիություն, ինտերնետ հասանելություն և այլն:
Իսկ ոլորտի մասով, Հայաստանը բացառիկ դեր ունի տարածաշրջանում, մեր մոտ հարևանները նույնիսկ կարգով մոտ չեն Հայաստանին: Կան ենթաոլորտներ, որտեղ Հայաստանում կենտրոնացված է համաշխարհային պոտենցիալի մեկ քառորդը: Օրինակ՝ չիպ-դիզայնի համաշխարհային մասնագետների մեկ քառորդը Հայաստանում է, աշխարհի երեք գիգանտները՝ Synopsys-ը, Mentor Graphics-ը, Cadence-ը, գտնվում են Հայաստանում, ոչ թե Ուկրաինայում, Ռուսաստանում կամ Թուրքիայում:
Կամ վերցնենք վեբ-տեխնոլոգիաների ուղղությունը՝ Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք համաշխարհային դեր ունեն, կամ ծրագրավորման և վիրտուալ սարքաշինության բնագավառ. Հայաստանում են գտնվում աշխարհում երկրորդ կամ երրորդ հետազոտական կենտրոնները:
Շատ գոհացուցիչ է ՏՏ զարգացումն արդյունաբերության մասով, բայց բավականաչափ տխուր է հասարակության զարգացման մասով: Դրա պատճառն այն է, որ ժամանակին ուշադրություն չենք դարձրել դրան, սակայն ներկայիս ծրագրերը թույլ կտան բեկում մտցնել: Հուսով եմ՝ ֆինանսական ճգնաժամը չի հանգեցնի նրան, որ նախատեսված ներդրումները կրճատվեն: Հինգ տարվա ընթացքում Հայաստանը ցանկանում է հասնել 100-տոկոսանոց ինտերնետային ծածկույթի, 70-տոկոսանոց համակարգչային հագեցվածության, անցնել ամբողջական էլեկտրոնային կառավարման համակարգերի: Սա լուրջ խթան կլինի տնտեսության զարգացման համար:
Հեռահաղորդակցության ոլորտում համաշխարհային գիգանտի՝ Orange-ի մուտքը Հայաստան նույնպես հնարավորություն կտա որոշակի հաջողություններ ունենալ:
Վերադառնալով զեկույցին՝ մի փաստ կցանկանայի նշել. տարածաշրջանում միարժեք առաջ ենք գտնվում: Այսօր մեր մասնագետները իրենց մոդելները, խորհրդատվություններն առաջարկում են այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուկրաինան, Ֆիլիպինները, Մալայզիան, Թաիլանդը և Մերձավոր Արևելքի որոշ երկրներ:
- Ասացիք, որ միջազգային տվյալների բազան Հայաստանի մասով չի թարմացվում: Ո՞վ է պատասխանատու դրա համար:
- Հիմա դա ենք ուզում պարզել: Կան երկու կարգի տվյալներ: Հասարակական կազմակերպությունները իրականացնում են անկախ հետազոտություններ, և կան պետական կառույցներ, որոնք տվյալներ են թարմացնում: Թե ով է թերացել, դեռ պետք է պարզել: Այս վարկանիշը Հայաստանի ներդրումային դիրքի վրա բացասաբար է անդրադառնում: Բացի այդ՝ Հայաստանի տեղը չի համապատասխանում նրա պոտենցիալին: Կա նաև այլ խնդիր. իմ կարծիքով՝ ոչ բոլոր հետազոտություններն են այստեղ օբյեկտիվ: Օրինակ՝ Հայաստանում 1 շնչին ընկնում է 1.8 բջջային հեռախոս: Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որ ունեն նման ցուցանիշ: Բայց շատ հետազոտություններում այդ տվյալը ջնջված է:
- Ադրբեջանն այդ նույն վարկանիշում գտնվում է 60-րդ տեղում և առաջ է ԱՊՀ բոլոր երկրներից: Դա ի՞նչ է նշանակում:
- Տեսականորեն դա նշանակում է, որ իրենց մոտ ինտերնետ մատչելիությունը և հասանելությունն ավելի լավ են: Բայց եկեք համեմատություններ անենք: Ներկայումս Հայաստանում Micosoft-ի և Hewlett Packard-ի հետ համատեղ մշակվում է «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, որպեսզի համակարգիչը հասանելի լինի հանրությանը: Օտարերկրացի մասնագետները հորդորում են՝ ծրագիրն այնպես չանենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նման լինի, որտեղ բնակչությունն իրականում չի օգտվում այդ համակարգիչներից:
Ադրբեջանը հավանաբար զարգացած է հեռահաղորդակցության ոլորտում, ինտերնետ ծածկույթն ավելի բարձր է, բայց արդյունաբերության մասով մեզ հետ չի կարող համեմատվել: Վերցնենք բոլոր համաժողովները, գագաթաժողովները, ցուցահանդեսները՝ չենք տեսել մի տեղ, որ Ադրբեջանը կարողանա ՏՏ արդյունաբերությամբ ներկայանալ: Նույնը վերաբերում է Վրաստանին: Սակայն նշեմ, որ Ադրբեջանն ունի ՏՏ նախարար, որի հիմնական խնդիրներից մեկը PR ակցիայի իրականացումն է:
- Ավելի կոնկրետացնեմ հարցս: Այդ վարկանիշում կար մի այսպիսի ցուցանիշ՝ ինտերնետի օգտագործումը տնտեսությունում և պետական կառավարման համակարգում: Նույնիսկ այդ մասով Ադրբեջանի ցուցանիշը շատ բարձր է: Փաստորեն, մենք ունենք ՏՏ բարձր զարգացած արտադրություն, որը սակայն տնտեսությանը չի սպասարկում:
- Ինտերնետի օգտագործմամբ իրոք շատ հետ ենք: Խոսքը վերաբերում է և՛ որակին, և՛ գնին, և՛ հասանելությանը: Դա մեր ամենամեծ խնդիրներից մեկն է: Ես չգիտեմ, թե Ադրբեջանում իրավիճակն ինչպիսին է, բայց Հայաստանում դա բացարձակապես գոհացուցիչ չէ:
Երկու հարց եմ մատնանշում՝ համակարգիչների օգտագործում և ինտերնետի օգտագործում, որոնք Հայաստանի ամենացավալի կետերն են: Հայաստանում համակարգիչներից օգտվում է բնակչության 25%-ը, շատ շրջաններ ինտերնետ ծածկույթից դուրս են: Կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, թե ինչու է այդպես:
Հայաստանի դիրքը, ընդհանուր առմամբ, հնարավորություն չի տալիս ունենալ այնպիսի ինտերնետ, որ ունի, օրինակ, Ռուսաստանը: Հարևան Թուրքիայում ինտերնետի գինը 20 անգամ էժան է, քան մեզ մոտ, նույնը՝ Ռուսաստանում: Բայց կան նաև սուբյեկտիվ պատճառներ: Չի կարող Հայաստանի նման փոքր երկրում մի այնպիսի վայր լինել, որտեղ ինտերնետը հասանելի չլինի:
Դրանից հետո գալիս է գնի և որակի խնդիրը: Սա մեզ համար լուրջ մարտահրավեր է, որով պետք է զբաղվենք: Մեր բոլոր պետական ծրագրերը ներկայում կենտրոնացած են այս խնդիրների լուծման վրա: Օրինակ՝ կառավարությունը նախաձեռնել է հարկային հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման ծրագիրը, որը շատ լուրջ խթան կլինի:
Կարևոր խնդիրներից մեկն է համակարգիչների գինը, որ մարդկանց մեծամասնության համար այն մատչելի լինի: Պետք է այնպես անել, որ ամսական Դ5 հազ. մուծելով՝ մարդիկ կարողանան համակարգիչ ձեռք բերել: Թերևս նպատակահարմար է համակարգիչներից ԱԱՀ չգանձել, աշխարհում շատ քիչ երկրներ կան, որ համակարգիչների նկատմամբ նման հարկ են կիրառում:
- Իսկ ե՞րբ պետք է սպասել, որ ինտերնետը Հայաստանում լավանա:
- Եթե նկատել եք՝ որոշակի փոփոխություններ կան: Հիմա վերլուծվում է ընդհանուր ծածկույթի ապահովման խնդիրը, որից հետո միջազգային կազմակերպությունների հետ կքննարկվեն հնարավորությունները, թե ինչպես բարձրացնել ինտերնետի որակը:
Վերջերս Ericsson-ի ներկայացուցիչները Հայաստանում էին, որոնց հետ այդ հարցը նույնպես քննարկվեց: Խնդիրը դրված է այնպես, որ առաջիկա հինգ տարում Հայաստանում պետք է հասնել ինտերնետի 100-տոկոսանոց ծածկույթի՝ մատչելի գներով: Այս ծրագրերի հաջողության հիմնական գրավականը Համաշխարհային բանկի օժանդակությունն է, բանակցություններ են վարվում նաև Ասիական զարգացման բանկի հետ:
Զրուցեց Սամվել Ավագյանը
Մարատ - 9 Ապրիլ 2009թ.
Կներեք, բայց այլ կերպ չեմ կարող արձագանքել. խնդրում եմ, ուղղակի աղաչում, հարցազրույց վերցնելուց առաջ Ենգիբարյանին պիտի զգուշացնեիք որ «չծխեր». նվազագույն տպավորությունն ասյպիսին է։ Ո՞ւմ է էշի տեղ դրել։ Մոռացել ե՞ք, մինչև հիմա հայերը KDWIN-ով են գրում ու 8-բիթանոց տառատեսակներով. նորմալ տառատեսակ անգամ չունեն, էլ...։էս ո՞ր թիվն է։ Հիմա առանձին առանձին, մեջբերումներով ու ըստ կետերի. ԿԵՏ 1. «ներկայացված չէ բջջային հեռախոսների քանակը» - պարզապես հայերը հեռախոսացավ ունեն (եղբայրս 2 հատ ունի, աղջկս, 7 տարեկան, արդեն հեռախոս ունի, տղաս, 3 տարեկան, ուզում է), որը զուտ մենտալիտետի խնդիր է, ու Ենգիբարյանի ու «Հայաստանի ՏՏ ոլորտի» ներդրումն այստեղ ընդհանրապես չկա։ Մեկը չի հարցնում, ինչու մինչև հիմա ոչ ոք չի կարողանում հայատառ SMS ուղարկել։ Կամ Symbian-ը ինչու հայերեն տարբերակ չունի, կամ Smartphon-ներում ինչու հայատառ կայքերի փոխարեն քառակուսիներ են։ ԿԵՏ 2. «Հայաստանը բացառիկ դեր ունի տարածաշրջանում, մեր մոտ հարևանները նույնիսկ կարգով մոտ չեն Հայաստանին ... Կան ենթաոլորտներ, որտեղ Հայաստանում կենտրոնացված է համաշխարհային պոտենցիալի մեկ քառորդը: Օրինակ՝ չիպ-դիզայնի համաշխարհային մասնագետների մեկ քառորդը Հայաստանում է, աշխարհի երեք գիգանտները» - ի՞նչ տեխնոլոգիաների մասին է խոսքը (անալոգային, հաստատ). մեկ կամ երկու, լավ երեք ծրագիր գրվել է «Սինոփսիսում», որի մասին շատ թե քիչ ասվել, գրվել, ներկայացվել է. Բաղդադում էլ խուրմա կա ու իրաքահայերն էլ են կարողանում լավ խուրմա աճեցնել. ասենք Դավիթ Յանն էլ Մոսկվայում է, MACOSX-ի մեջ էլ հայերի ներդրումը մեծ, հետո ի՞նչ, Հայաստանին ի՞նչ, մի երկու հոգի նորմալ աշխատավարձ են ստանում ու ի՞նչ։ Մեր ասպիրանտներն էլ լավ ասպիրանտական թոշակ են ստանում Գերմանիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, դրանից Հայաստանն է շահում թե ո՞վ։ Կարծում եմ շահում է կոնկրետ ասպիրանտն ու այն երկրի գիտությունը, որտեղ դա արվում է։ Իսկ տարածաշրջանում կարծում եմ, միայն եզդիներից են առաջ (ազգային խտրականություն ինքս չեմ դնում, ուղղակի հայերենը յուրահատուկ ձևով է կոնցեպտուալացնում այս բառը)։ ԿԵՏ3. «Շատ գոհացուցիչ է ՏՏ զարգացումն արդյունաբերության մասով» - ի՞նչ արդյունաբերություն եմ բաց թողել, որի մասին կարծում եմ միայն ես չէ որ չեմ լսել. հավանաբար «ծիրանի կամ ավտոներկրումների արդյունաբերությունը». շատ թե քիչ հանքարդյունաբերություն ունեին, դա էլ սատկեց։ ԿԵՏ4. «կրթական ծրագրերի զարգացումը և այլն» - ցույց տվեք խնդրեմ մի համալսարան (ուրիշ բան չեմ ասում), որտեղ կրթական պրոցեսը, վարչարարական հատվածը, դասացուցակները, լսարանների բաշխումը, ուսումնական ծրագրերի կազմումը և այլն և այլն կազմակերպվում է ՏՏ օգտագործմամբ. POWERPOINT-ով պատրաստված դասախոսությունները (բացառիկ դեպքերում) հաշվի մեջ չեն։ Գրադարանների մասին թույլ տվեք չխոսել. մի համահավաք գրացուցակի ստեղծման գրանտային ծրագիր կար, որը եվրոպացիները փողերը 1990-ականներից ուտելով ու իսրայելական մշակման ծրագրային ապահովմամբ, կրկնում եմ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ (անտիսեմիտիզմ չէ, ուղղակի ծագման երկիրն եմ նշում), նախանցյալ տարի, եթե չեմ սխալվում «բարեհաջող» ավարտվեց. փորձեք մտնել ու գիրք պատվիրել, ուրիշ բան չեմ ասում (աշխատանքի որակը, ընդգրկվածությունը, հնարավորությունները, հայերեն թարգմանության որակը և այլն)։ ԿԵՏ5. «Հինգ տարվա ընթացքում Հայաստանը ցանկանում է հասնել 100-տոկոսանոց ինտերնետային ծածկույթի» - Հինգ տարի հետո «յա էշը կսատկի, յա էլ իշատերը», այսօր ի՞նչ կա. Գյումրիից, Հայաստանի երկրորդ քաղաքից ընդամենը 5կմ հետո ինտերնետ հնարավոր չէ գտնել (էլ չեմ ասում 40 կմ), գինը կապ չունի. միայն արբանյակային down, իսկ up-ը գրեթե անլուծելի խնդիր է. չեմ մանրամասնում. նստեք մեքենան ու մի քիչ Երեվանից դուրս եկեք։ ԿԵՏ6. «70-տոկոսանոց համակարգչային հագեցվածության» ո՞ւմ հաշվին այս գների պայմաններում. բոլորը չէ որ ԱՄՆ-ում բարեկամներ ունեն։ ... Հերիք է էլի. չնայած գոհ եմ, որ տարածաշրջանային տեղեկատվական կենտրոն գոնե չենք դառնում. Փառք աստծո։