Հայաստանն արտադրում է համակարգիչներ, բայց չի կարողանում արտահանել
Հարզացրույց «Յունիկոմպ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանի հետ
|
| «Յունիկոմպ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանի հետ: |
Հայաստանում սկսել են զբաղվել համակարգիչների արտադրությամբ: Ընդ որում՝ դա կարելի է համարել հեռանկարային: Սակայն որոշ խոչընդոտներ կան ՏՏ ոլորտի այս ենթաճյուղը առաջ մղելու համար:
Այս և այլ հարցերի շուրջ «Կապիտալը» զրուցել է համակարգիչների արտադրությամբ զբաղվող «Յունիկոմպ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանի հետ:
- Պրն Բալդրյան, համակարգիչներ արտադրելիս ո՞ր ընկերությունների հետ եք համագործակցում:
- Մենք շատ ակտիվ համագործակցում ենք բազմաթիվ խոշոր ընկերությունների հետ: Մեր արտադրանքը բավարարում է բոլոր այն կարիքները, որ կարող է ունենալ փոքրից մինչև ամենախոշոր ձեռնարկությունը՝ բարձր տեխնոլոգիաների ենթակառուցվածք ստեղծելու համար:
- Ո՞ր սերնդի համակարգիչներ եք արտադրում:
- Սկզբունքն այսպես է. հենց հայտարարությունը լինում է, որ դուրս է եկել նոր համակարգիչ, մոտ 10 օր հետո մենք անցնում ենք այդ նոր սերնդի համակարգչի արտադրությանը:
- Այս պահին ի՞նչ նոր համակարգիչ եք արտադրում:
- Օրինակ՝ մի քանի օր առաջ նոր անոնս է եղել 6-միջուկային սերվերային պրոցեսորների վերաբերյալ, և մենք արդեն այս ցուցահանդեսին ցույց ենք տալիս 6-միջուկանի այդ նոր համակարգիչը: Փոխում ենք նաև մեր կողմից արտադրվող նոթբուքերի տիպերը, և շուտով կլինեն նոր պլատֆորմի վրա հիմնված նոթբուքեր, որոնց մեջ Wimax (անլար) կապն արդեն տեղադրված է:
- Համակարգիչները իրացնում եք միայն Հայաստանո՞ւմ, թե՞ Հայաստանից դուրս:
- Իրացումը, ցավոք, առայժմ միայն Հայաստանում է: Արտահանման համար կան ձևակերպման խնդիրներ: Հույս ունեմ, որ Կառավարությունը, որը գնում է հարկային և մաքսային բարեփոխումների ճանապարհով, որոշ ժամանակ հետո հնարավորություն կընձեռի առանց էական արգելքների նաև արտահանել:
- Ի՞նչ արգելքների մասին է խոսքը:
- Մաքսայինում մեզ հարկավոր է արագություն և հստակություն: Օրինակ՝ կան հատուկ կոդերով ապրանքներ, և համակարգիչը մտնում է այդ հատուկ կոդերի տակ, և ձևակերպումը երկարացվում է: Ինձ թվում է՝ պետք է վերանայել այդ սկզբունքը:
- Ո՞ր երկրների շուկաները կարող եք մուտք գործել:
- Հետաքրքրություն կա ղազախական, վրացական շուկաներում: Նույնիսկ Ավստրիայի շուկա մտնելու հնարավորություն կա:
- Համակարգիչներն արտադրում եք ձե՞ր ֆիրմայի նշանով:
- Այո: Մենք արտադրում ենք «Յունիկոմպ» համակարգիչներ, «Յունիկոմպ» նոթբուքեր և «Յունիկոմպ» սերվերներ: Բացի դրանից՝ վաճառում ենք նաև HP համակարգիչներ:
- Տարեկան մոտավորապես քանի՞ համակարգիչ եք արտադրում:
- Մոտ 4000:
- Մրցակցությանը դիմանո՞ւմ եք: Ձեր արտադրանքն արտասահմանյանի համեմատ ավելի էժա՞ն է, թե՞ թանկ:
- Այստեղ կարևորը գինը չէ: Մեր արտադրանքը, իհարկե, մի փոքր էժան է, քան դրսինը: Կարևորն այն է, որ մենք մեր որակին հետևում ենք: Անհրաժեշտ մասերը ստանում ենք Intel ֆիրմայից, որի որակը շատ բարձր է: Կարողանում ենք ապահովել նաև շատ բարձրակարգ սպասարկում, որը չեն կարող անել արտասահմանյան ֆիրմաները:
Զրուցեց Սամվել Ավագյանը