Բոնուսները վերադառնում են։ Մեկ ամիս էլ չի անցել այն օրվանից, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատում էր Wall Street-ին առասպելական պարգևավճարներ սահմանելու համար, իսկ պատմությունը, ահա, կրկնվում է։
JP Morgan Chase-ի ղեկավար Ջեյմի Դայմոնը նախորդ տարվա ցուցանիշների դիմաց «խրախուսվել» է $16 մլն-ով՝ դառնալով ԱՄՆ խոշորագույն բանկերի ամենաշատ վարձատրվող կառավարիչը։
Նրան հաջորդում է Goldman Sachs-ի վարչության նախագահ Լլոյդ Բլանկֆեյնը, ում ծառայությունները խրախուսվել են $9 մլն-ով։ Եռյակը փակում է Ջեյմս Գորմանը Morgan Stanley-ից, ում հոնորարը մի փոքր է գերազանցում $8 մլն-ը։
Բոլոր այս պարգևավճարները տրվել են ընկերությունների բաժնետոմսերի տեսքով, որոնք հնարավոր չի լինի կանխիկացնել մոտակա մի քանի տարիներին։
Սպասվում է, որ ԱՄՆ ֆինանսական հատվածի թոփ մենեջմենտի խրախուսական ընդհանուր գումարը այս տարի կհասնի $64 մլրդ-ի, ինչը $7 մլրդ-ով կզիջի 2009թ. ցուցանիշին։
|