![]()
Մասնագիտությունը՝ բլոգեր
Արևմտյան բլոգերները կարծում են, որ արդեն ազդել են համաշխարհային քաղաքականության վրա, հերթն այժմ բիզնեսինն է Technorati բլոգ ծառայությունը հրապարակել է «Բլոգոսֆերայի վիճակն» ամենամյա ուսումնասիրության վերջին մասը: Սոցիոլոգների օգնությամբ կայքը հարցում է անցկացրել 3000 բլոգերների շրջանում (նրանց շուրջ 50%-ն ԱՄՆ-ից է) և շատ բան է պարզել նրանց հակումների ու գումար աշխատելու մեթոդների մասին: Այս անգամ ուսումնասիրությունը կենտրոնացել է «պրոֆեսիոնալ» բլոգերների վրա՝ նրանց, ովքեր եկամուտ են ստանում իրենց բլոգից, օգտագործում են այն բիզնես նպատակներով կամ իրենց կարիերայի աճի համար: Բլոգերների սոցիալական կարգավիճակը, ըստ Technorati ծառայության, շարունակում է բարձրանալ: Հարցման մասնակիցների երկու երրորդը տղամարդիկ են, 60%-ը՝ 18-44 տարեկան: Հարցվածների տարեկան եկամուտը գերազանցում է $100 000-ը: Technorati-ի թերևս կարևորագույն բացահայտումը բլոգերության ֆինանսական կողմի նկարագրությունն է: Հարցվածների 72%-ն այս զբաղմունքը դիտում է որպես հոբբի, մինչդեռ 28%-ը դրանից ինչ-որ օգուտ է ակնկալում: Մինչ հարցման մասնակիցների 15%-ի համար բլոգը եկամտի լրացուցիչ աղբյուր է, 9%-ի համար դա հիմնական աշխատանք է կամ բիզնեսի անքակտելի մաս: 4%-ը պրոֆեսիոնալ բլոգերներ են, որոնք գրում են իրենց գործատուի համար: Մարդկանց մոտ 40%-ը, որոնց համար բլոգը եկամտի աղբյուր է, գումար է աշխատում գովազդներից: Միջին գովազդային եկամուտները կազմում են տարեկան $42 հազար: Այն մարդիկ, որոնց համար բլոգը միայն եկամտի լրացուցիչ աղբյուր է, տարեկան գովազդից միջինը $14 հազար են ստանում: Փոխարենը՝ նրանց մոտ, ում համար բլոգը հիմնական աշխատանք է և բիզնեսի մաս, այս ցուցանիշը կազմում է $122 հազար: Արևմուտքում պրոֆեսիոնալ լրագրողների մեծ մասը այսպիսի խոշոր եկամուտների մասին չի էլ երազում: Սակայն բլոգերների մոտ գովազդի մոդելի վրա հիմնված ավանդական լրատվամիջոցներում աշխատանքի փորձի բացակայությունը սովորաբար վատ է անդրադառնում նրանց եկամուտների վրա: Գովազդային եկամուտների ներուժն իրականում ավելի մեծ է. բլոգերների 70%-ը, այսպես թե այնպես, գրում է տարբեր ապրանքների և ապրանքանիշների մասին: Ու թեև թեմաների մեծ մասն անձնական խնդիրներ են (45%), փոքր չէ նաև տեխնոլոգիաների մասնաբաժինը (41%), որին հաջորդում են քաղաքականությունը (32%), նորությունները (30%), համակարգիչները (28%) և բիզնեսը (25%): Բոլոր այս ոլորտները գովազդ բերելու մեծ ներուժ ունեն: Սակայն այստեղ սկսվում են խնդիրներ, որոնք, օրինակ, խանգարում են սոցիալական կայքերի շահութաբերությանը. բլոգների հեղինակները և ցանցերի օգտատերերը գովազդին այնպես չեն վերաբերվում, ինչպես լրատվամիջոցները: Բլոգերների մեծ մասը վախենում է գովազդից: Նրանց 46%-ը խուսափում է գովազդ տեղադրելուց, քանի որ չի ուզում իր տեղադրած նյութերը խեղդել հայտարարությունների մեջ: 28%-ը մտավախություն ունի, որ իրեն կարող են անկողմնակալ կամ անվստահելի համարել: Բայց նրանք էլ, ովքեր պատրաստ են գովազդից փող աշխատել, շատ խիստ են մոտենում դրա բովանդակությանը. 54%-ի համար շատ կարևոր է, որ գովազդը համապատասխանի իր արժեքներին: Ուղղակի գովազդի նկատմամբ անվստահությունը, սակայն, փոխհատուցում են փող աշխատելու այլ գործիքները, որոնք ավելի ողջունելի են բլոգերների համար: Բլոգերների 24%-ը, որ բլոգն օգտագործում է կոմերցիոն նպատակներով, եկամուտ է ստացել՝ ելույթ ունենալով տարբեր ոլորտներին նվիրված միջոցառումներում, 17%-ը՝ տպագիր մամուլում հրապարակումներից: Ոմանց վճարել են այս կամ այն ապրանքի մասին իր կարծիքը հայտնելու, կլոր սեղաններին մասնակցելու և ուղիղ եթերում ելույթ ունենալու համար: Թեև գործարար բլոգերների 56%-ն առայժմ այս եղանակով գումար չի վաստակում՝ ապավինելով միայն գովազդին, այսպիսի մեթոդներն ավելի ու ավելի պոպուլյար են դառնում: Անուղղակի գովազդի շուկան, սակայն, վտանգված է իշխանությունների նոր նախաձեռնությունների պատճառով: Բլոգերներից պահանջում են խոստովանել՝ արդյոք իրենք գումար են ստացել իրենց բլոգներում տեղադրված նյութերում որևէ ապրանք, ծառայություն կամ բրենդ գովազդելու համար: Այսօր վճարովի նյութերը պոպուլյար են այն պատճառով, որ ընթերցողների համար դժվար է սահմանազատել գովազդը հեղինակի անձնական կարծիքից: Եթե վերահսկիչ մարմիններն սկսեն խստորեն ստուգել բլոգները, ապա բլոգերներն ստիպված կլինեն հրաժարվել այդպիսի եկամուտների մի մասից՝ փոխարինելով դրանք այլ աղբյուրներով: Բլոգները, իհարկե, օգտագործվում են նաև որպես կոմերցիոն արտադրանքը առաջ մղելու միջոց: Ընկերությունների 71%-ը վստահեցնում է, որ ոլորտում իր դիրքերն ամրապնդել է բլոգների շնորհիվ, իսկ 63%-ը բլոգներում հաջողությամբ գովազդել է իր ապրանքներն ու ծառայությունները: Technorati-ն հարցում է անցկացրել հիմնականում ակտիվ բլոգերների շրջանում: Հարցման մասնակիցներից յուրաքանչյուրը միջինը 3-4 բլոգ է վարում: Ընդ որում՝ մեծ մասի համար դա ակներևաբար կողմնակի զբաղմունք է: 27%-ը բլոգների վրա շաբաթական միջինը 1-3 ժամ է ծախսում, 26%-ը՝ մեկ ժամից էլ քիչ: Հարցվածների կեսը բլոգը թարմացնում է շաբաթական 1-3 անգամ: Բլոգերների 35%-ը նախկինում աշխատել է, 27%-ն այսօր էլ շարունակում է աշխատել ավանդական լրատվամիջոցներում: Մյուս բլոգերները ոչ միայն ավանդական լրատվամիջոցներում աշխատելու փորձ չունեն, այլև չեն հետաքրքրվում դրանցով: Ընդ որում՝ զանգվածային լրատվամիջոցներն ավելի շատ են հետաքրքրվում բլոգներով, քան բլոգերները՝ ԶԼՄ-ների արտադրանքով: Հարցմանը մասնակցած բլոգերների 38%-ին առնվազն մեկ անգամ վկայակոչել են ավանդական լրատվամիջոցները: Հարցմանը մասնակցած բլոգերների 73%-ն օգտագործում է Twitter: Նրանց 69%-ը խոստովանում է, որ Twitter-ն առաջին հերթին իրենց հիմնական բլոգը առաջ մղելու միջոց է: Վերջապես, Technorati-ն հարցրել է բլոգերներից, թե, իրենց կարծիքով, ամենաշատը որ ոլորտներում է առկա իրենց ազդեցությունը: 57%-ը կարծում է, որ բլոգոսֆերան առաջին հերթին ազդում է քաղաքական կյանքի, 44%-ը՝ տեխնոլոգիական ոլորտի, 35%-ը՝ աստղերի կյանքի և նրանց մասին լուրերի տարածման վրա: Հարցվածների միայն 20%-ն է կարծում, որ բլոգներն ամենաշատն ազդում են բիզնեսի վրա: Բլոգերները վստահ են, որ քաղաքականությունն ու տեխնոլոգիաներն ապագայում էլ կմնան իրենց ազդեցության հիմնական ոլորտը, սակայն մոտ ապագայում առաջին պլան կմղվեն բիզնես շահերը:
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝ © «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։ Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։ Designed and developed by Smart Systems LLC |