![]()
Հայերը նախընտրում են թանկ համակարգիչներ
Բայց մեծամասնությունը կմնա առանց համակարգչի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, որը նաև «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի կազմակերպիչներից է, «Կապիտալի» խնդրանքով երեկ որոշ պարզաբանումներ տվեց ծրագրի վերաբերյալ: Հիշեցնենք, որ հանրության համար շատ անսպասելի՝ ծրագրով առաջարկվում են բավական թանկ մոդելներ, որոնց արժեքը սկսում է Դ240 հազարից (մոնիտորի հետ միասին՝ Դ324 հազ.), իսկ ամենաէժան նոութբուքը Դ252 հազ. է: Սա նշանակում է, որ ծրագրի սոցիալական արժեքը շատ փոքր է: Գնային այս սեգմենտը կհանգեցնի ոչ թե անհատների մոտ և ընտանիքներում համակարգիչների թվի ավելացմանը, այլ պարզապես կնպաստի, որ արդեն համակարգիչ ունեցողները թարմացնեն դրանք, քանի որ առաջարկվում են ապառիկի նպաստավոր պայմաններ: Պատահական չէ, որ պիլոտային ծրագրի ընթացքում առավել մեծ հետաքրքրություն են առաջացրել ամենաթանկ համակարգիչները: Մեկնարկելով որպես բիզնես նախագիծ՝ «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը կարող է նպաստել այս շուկայում նոր գերիշխող դիրքի ի հայտ գալուն՝ չլուծելով տեղեկատվական հասարակության կայացման խնդիրը: Ըստ Ենգիբարյանի՝ առայժմ իրագործվում է պիլոտային ծրագիր՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Նրա տեղեկացմամբ՝ առաջարկվող մոդելները մոտ 10%-ով էժան են շուկայում առաջարկվող համանման մյուս մոդելներից, սակայն հատուկ որոշում է կայացվել, որ գինը շատ չտարբերվի շուկայական գներից: Պատվիրվել և իրացվել է 500 համակարգիչ, որը հայկական շուկայի համար բավական մեծ թիվ է: Այսինքն՝ պիլոտային ծրագիրն արդեն շուկայի վրա էական ազդեցություն է թողել: Սա անակնկալի է բերել շուկայի բոլոր մասնակիցներին, որոնք պարզապես չեն հասցնում իրենց ապրանքի էժանացման ռեզերվներ գտնել: Այնպես է ստացվում, որ կառավարությունը նպաստում է, որ շուկայի մասնակիցներից մեկը դեմպինգային գներ սահմանի: Անգամ եթե դա արվում է բարի նպատակներով, բումերանգի էֆեկտ կառաջացնի, քանի որ գերիշխող դիրքի առաջացումը երկարաժամկետ հեռանկարում գների անխուսափելի բարձրացման է տանում, որից կառավարական ոչ մի վերահսկողություն մեզ չի ազատի: Հունվարից նախատեսվում է ծրագիրն ավելի ընդլայնել. կառաջարկվի 2-3 հազար համակարգիչ: Ըստ Ենգիբարյանի՝ համակարգչային այլ ընկերություններ ևս կարող են մասնակցել այդ ծրագրին, սակայն պետք է ապահովեն մի շարք պայմաններ, ինչպես, օրինակ, իրացնող անձնակազմի կրթումը: Մյուս խանութներին ևս հնարավորություն է ընձեռած ներգրավվել ծրագրում: Ենգիբարյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում համակարգիչների իրացմամբ զբաղվող խանութների 70%-ը համապատասխան պայմաններ ունի դրա համար: Սակայն այստեղ մեկ այլ խնդիր կա. այն պայմանները, որոնցով մյուս ընկերությունները կարող են ներգրավվել ծրագրում, այնքան էլ հրապարակային չեն: Բ. Ենգիբարյանը մեզ խորհուրդ տվեց դրանց ծանոթանալ www.computerforall.am կայքում, սակայն դրանում նման տեղեկատվություն դրված չէ: Ակնհայտ է, որ ծրագիրը բավականաչափ թափանցիկ և հրապարակային չէ, չնայած մենք գործ ունենք (կամ ունենալու ենք) պետական ռեսուրսների օգտագործման հետ: Ինչ վերաբերում է ծրագրի ընթացքին, ապա Ենգիբարյանն ասում է, որ նպատակ չունեն համակարգիչներից արագ ազատվել, առայժմ փորձում են միայն հասկանալ, թե իրացման և հետիրացումային շղթան ինչպես կաշխատի:
Էժան համակարգիչներ չեն առաջարկում, քանի որ բանկային համակարգը սոցիալական անապահով խավերին վարկերն այնքան էլ հեշտությամբ չի տրամադրում: Ընդհանրապես՝ վարկավորման հարցը ներկա փուլում դիտարկվում է որպես ամենախնդրահարույցը:
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝ © «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։ Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։ Designed and developed by Smart Systems LLC |